Մեծ Բրիտանիայի զինվորները՝ ԱֆղանստանումRazminfo.am-ը գրում է.

Հուլիսի 14-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ 2012-ին բրիտանացի զինվորներն ու վետերաններն ավելի շատ զոհվել են ոչ մարտական պայմաններում, քան թե մարտի կամ ռազմական գործողության ժամանակ։ Ընդ որում, պաշտոնական տվյալներով՝ 7 զինվոր ինքնասպանություն է գործել, 14-ը՝ ենթադրաբար ինքնասպանություն, սակայն դեռ հանգամանքները ճշտվում են։

Ծառայող վետերանների շարքում 21-ն ինքնասպանություն է գործել ծառայության ընթացքում, 29-ը՝ քաղաքացիական կյանքում։ Ստացվում է, որ մոտ 50 ինքնասպանության դեպքը գերազանցում է 2012-ին Աֆղանստանում թալիբների դեմ պայքարում զոհված 40 զինվորների թվաքանակին։

Նշենք, որ կրտսեր սերժանտ Դան Քոլինզը, որը 2009-ին տուժել է Աֆղանստանի Հելմենդ շրջանում գրանցված պայթյունից, ինքնասպանություն է գործել 2011-ի Նոր տարվա նախօրյակին՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարման պատճառով։ Նրա մայրը լրագրողներին ասել էր, որ իր որդին «պատերազմի զոհ է, նրան հենց այդպես պետք է վերաբերել ու պատվել»։

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ «ցանկացած զինվորի կորուստը, առավել ևս՝ ինքնասպանությունը, խորը վիշտ է, ուստի կառավարությունը տրամադրել է 7,4 մլրդ ֆունտ գումար՝ օգնելու և աջակցելու պատերազմից ֆիզիկապես ու ամենակարևորը, հոգեպես տուժած զինծառայողներին»։

Չնայած նման հայտարարությանը՝ հետպատերազմյան սթրեսով հիվանդ զինծառայողների հարցով զբաղվող կենտրոնի տնօրեն Էնդրյու Քամերոնն ասել է. «մեկ տարում 50 ինքնասպանության դեպքը ԶՈւ-ում չափազանց տխուր ու մտահոգող փաստ է։ Պետք է առավել ուշադրություն դարձնել վետերանների և զինծառայողների առողջական վիճակին»։

Հավելենք, որ BBC-ն ռեպորտաժ է պատրաստում պատերազմից հոգեբանորեն տուժած բրիտանացի զինծառայողների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել