Երկիրը, որի մասին գնում է խոսքը, շատ աղքատ է, չունի  ելք դեպի ծով, ունի հարյուր միլիոն բնակիչ, որոնց մեծ մասը երեխաներ են: Խոսքը աֆրիկյան Եթովպիա պետության մասին է:

Մարդկանց մեծամասնությունն ապրում է գյուղական համայնքներում՝ կավից պատրաստված ու ծղոտե տանիքներ ունեցող կլոր տներում: Ցանկապատները կառուցում են կակտուսներից:

Գյուղերում չկա էլեկտրականություն ու ջրամատակարարում: Որտեղի՞ց այդ բարիքները լինեն գյուղերում, եթե մայրաքաղաք Ադիս-Աբեբայում ևս այն գրեթե բացակայում է. քաղաքը կիսամութ է: Մարդիկ ստիպված են ջուր հավաքելու համար կիլոմետրեր քայլել: Սնունդը պատրաստում են կրակի վրա:

Մարդիկ Եթովպիայի գյուղերում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, իսկ չոր եղանակին պարզապես բազմացնում են անասուններին: Մեխանիզացիայի միջոցները շատ քիչ են: Սնունդը չի բավականացնում, իսկ չոր տարիներին քաղց է տիրում: Միաժամանակ գյուղատնտեսությամբ զբաղված է Եթովպիայի աշխատունակ քաղաքացիների 85%-ը:

Գյուղական համայնքներում աշխատանքը քիչ է: Հիմնականում աշխատում են ջերմոցներում, բամբակի արտադրության և ելակի աճեցման ոլորտներում: Շատերի համար աշխատանք չկա, իսկ աշխատավորները լումաներ են վաստակում:

Դեռահասները հաճախ օգնում են իրենց ծնողներին հավաքել ծառի չորացած ճյուղեր, որպեսի խարույկի վրա սնունդ պատրաստեն: Այդ ճյուղերը երեխաները գլխի վրա դրած են տեղափոխում:

Գյուղերի ճանապարհներին կանգնելիս մոտենում են բազմաթիվ մանկահասակ երեխաներ և սկսում են գումար խնդրել: Գումարը նրանք անվանում են «յու» բառով: Տպավորություն է, որ երբ նրանք «սպիտակ մարդու» են տեսնում, հնարավորություն են ստանում ինչ-որ բան նրանից խնդրելու, վերցնելու: Երբեմն այնքան մեծ քանակությամբ երեխաներ են մոտենում, որ աղմուկը պարզապես ծակում է ականջներդ: Այդքան շատ մուրացկան-երեխաներ չկան ո՛չ Հնդկաստանում, ո՛չ Նեպալում, ո՛չ էլ Պակիստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել