Pastinfo.am-ը գրում է․

Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի փաստաբանը դեռևս չի ստացել գործով մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, մինչդեռ՝ Դատախազությունն արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ չի պատրաստվում որոշման դեմ Վճռաբեկ բողոք ներկայացնել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում գործով տուժողի ներկայացուցիչ Ռաֆայել Ամիրխանյանը նշեց, որ Դատախազության պատճառաբանության մասին կարող է կարծիք կազմել միայն դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո:

Ամիրխանյանի խոսքով՝ գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է և չի բացառվում, որ Զավեն Գրիգորյանը խոչընդոտ հանդիսանա՝ քրեական գործով՝ որոշակի հանգամանքների բացահայտմանը:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն 6 ամիս է, ինչ գտնվում է կոմայի մեջ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեեւ մամուլի տեղեկություններով, հարազատների պնդմամբ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։

Քրեական գործով միակ մեղադրյալը՝ Գրիգորյանը մարտի սկզբներին գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ընդ որում՝ նշված որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով համարվում է վատագույն վարկանիշն ունեցող դատավորը։ 2019թ.-ին նա եղել է ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ -43 միավորով, իսկ այս տարի արդեն -15 է։

Ծեծված փոխգնդապետի հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով վերականգնել արդարությունը և լիահույս էին, որ Դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, մինչդեռ՝ Դատախազությունը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ Վճռաբեկ բողոք չի պատրաստվում ներկայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել