Tert.am-ը գրում է.

Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու հետևանքով մարդկանց զանգվածային հիվանդացման համար 5 տարի ազատազրկում սահմանող օրենքի նախագծում և՛ վարչական իրավախախտման, և՛ հանցակազմի մասով լրջագույն խնդիրներ եմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ինքնին տեղին է:

Փաստաբանի խոսքով՝ օրենքի նախագծում պարզաբանում մտցված չէ «մեկուսացում» և «ինքնամեկուսացում» հասկացությունների մասին: «Հարցը քրեական օրենսգրքի տիրույթում է, և նկարագրված արարքը պետք է լինի այնքան պարզ ու որոշակի, որ կարդացողի համար միանշանակ ընկալելի լինի, թե իր որ վարքագիծն է համարվելու հանրորեն վտանգավոր և առաջացնելու քրեաիրավական հետևանքներ: Իրավական անորոշություն կա, թե «ինքնամեկուսացումը» որ սուբյեկտների վարքագիծն է սահմանափակում: Նույն խնդիրը վերաբերում է նաև մեկուսացմանը. օրինակ՝ եթե բնակչությանը պահանջ կա մնալ տանը, արդյո՞ք տնից դուրս գալը համարվելու է հանրորեն վտանգավոր հանցակազմ պարունակող արարք»,- ասաց Կոչուբաևը:

Անդրադառնալով օրինագծի «զանգվածային հիվանդացում» ձևակերպմանը` փաստաբանը նշեց, որ այն ևս հստակ չէ: «Օրինակ՝ երկու անձի հիվանդացումը համարվելո՞ւ է զանգվածային, թե՞ ոչ: Ինչպիսի՞ չափորոշիչներով է որակվելու մարդկանց զանգվածային հիվանդացումը: Եթե այս հանցակազմը անգամ ներպետական ատյաններում ունենա որոշակի հաջողություններ, հասնելով՝ ՄԻԵԴ, միանշանակ վերացվելու է: Եվրոպական դատարանը նախադեպ է ձևավորել, որ իրավական նորմերը պետք է լինեն այն աստիճան կանխատեսելի, որ առանց իրավաբանական գիտելիքի առակայության՝ անձը կարդա և կարողանա համապատասխանեցնել իր վարքագիծն օրենքում նախատեսված պահանջներին»,- ասաց Կոչուբաևը:

Նախագծում նշված «դիտավորյալ վարակելը» և «անզգուշությամբ վարակելը» ձևակերպումներին անդրադառնալով՝ փաստաբանն ասաց, որ թեև ընդհանուր առմամբ հնարավոր է՝ բուն գործողությունը լինի դիտավորությամբ, սակայն անզգուշության համար անձնաց 5 տարի ազատազրկումը գերչափազանց ուռճացված է:
Նրա խոսքով՝ խնդիրներ կլինեն նաև հետագա դատավարության ընթացքում: «Ենթադրենք՝ անձը վարակել է 10-15 հոգու, ինչպե՞ս է իրականացվելու նրա քրեական հետապնդումը: Եթե նա որպես մեղադրյալ ներգրավվի, անհրաժեշտություն է լինելու նրան ձերբակալել կամ կալանավորել, և վարակակիր լինելու դեպքում հստակ չէ՝ ինչպես է գործընթացը կատարվելու: Քանի որ գործընթացը հստակեցված չէ, նշանակում է՝ տարածվելու է դատավարական ընդհանուր կարգը: Մինչդեռ առնվազն 20 օր բացառվում է այդ անձի՝ այլ անձանց հետ շփումը: Ինչպե՞ս են իրականացվելու նրան առնչվող քննչական ու դատավարական գործողությունները: Դրա համար ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր նաև Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն սահմանել և վերապահում սահմանել, որ այս հանցակազմի քրեական հետապնդումը սկսվելու է է անձի՝ լրիվ առողջացումից հետո»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ թեև նախագիծը ողջունելի է, բայց դրա՝ այս տեսքով ընդունելու դեպքում ճգնաժամային վիճակը միայն կխորանա:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Մեկուսացման և ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու մասին օրենքի նախագծում և՛ վարչական իրավախախտման, և՛ հանցակազմի մասով լրջագույն խնդիրներ կան. Ալեքսանդր Կոչուբաև

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել