Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանն իր ազդեցությունն է թողնում նաև մշակութային կյանքի վրա: Առավել հասանելի դառնալու նպատակով աշխարհի լավագույն թանգարանները թվայնացնում են համաշխարհային գլուխգործոցները՝ դրանք հասանելի դարձնելով արվեստասերների լայն շրջանակին:
Թանգարաններն իրականացնում են 360 աստիճան տուրեր, տեսանյութերի, առցանց հեռարձակումների օգնությամբ ներկայացնում են ցուցահանդեսները, թեմատիկ գիտաժողովներն ու հատուկ ծրագրերը: Դրանց մեծ մասը հասանելի է Google Arts & Culture հարթակում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է աշխարհի հանրահայտ թանգարաններից մի քանիսը, որոնց տանիքների տակ գտնվող արվեստի յուրահատուկ նմուշներին հնարավոր է ծանոթանալ վիրտուալ տիրույթում:
Լուվրի թանգարան (Փարիզ)
Լուվրն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, որի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով: Ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի, Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»), Ռեմբրանդtի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և այլոց գործեր:
Օնլայն հարթակում հնարավոր է շրջել Լուվրի որոշ ցուցասրահներում:
Թանգարանը գրեթե ութ միլիոն ցուցանմուշ ունի: Հետաքրքիր նմուշների մի մասը կարելի է տեսնել օնլայն տիրույթում:
Թանգարանն առավել հայտնի է կենտրոնական սրահում դինոզավրերի կմախքների հավաքածուով, որում ներառավել են դիպլոդոկի 26 մետր երկարություն ունեցող հայտնի կմախքը, նաև հետաքրքիր է տիրանոզավրի մեխանիկական մոդելը։ Կենդանաբանական մասում գտնվում է 30-մետրանոց կետը։ Թանգարանում տեղակայված է երկնաքարերի հետաքրքիր հավաքածու։
Ուֆիցի պատկերասրահ (Ֆլորենցիա)
Աշխարհի հնագույն թանգարաններից մեկում վիրտուալ շրջայցի ընթացքում կարելի է տեսնել Բոտիչելիի «Վեներայի ծնունդը»:
Պատկերասրահի հավաքածուի հիմքում են Մեդիչիների տոհմին պատկանող արվեստի ստեղծագործությունները: Հետագայում այն համալրել են Ֆերդինանդո Առաջին և Ֆերդինանդո Երկրորդ կարդինալները, ովքեր Ուֆիցի են տեղափոխել Հռոմի իրենց դղյակների ու Լեոպոլդ կարդինալի ժառանգություն թողած արվեստի գործերը:
Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)
Իտալական վերածննդի դարաշրջանի ոճով կառուցված շենքում պահվում են Ռաֆայելի, Բրեյգելի, Կարավաջոյի, Ռուբենսի և այլ հանճարեղ նկարիչների ստեղծագործություններ:
Վան Գոգի թանգարան (Ամստերդամ)
Թանգարանն ունի Վան Գոգի ամենամեծ հավաքածուն աշխարհում՝ 200 գեղանկար, 400 նկարներ, նկարչի 700 նամակներ:
Թանգարանը թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել հանճարեղ նկարչի ստեղծագործության և նրա ժամանակակիցների գործերի մասին:
Դալիի թատրոն-թանգարան (Իսպանիա)
Թանգարանում ներկայացված է Սալվադոր Դալիի աշխատանքների միասնական ամենամեծ և առավել բազմազան հավաքածուն: Ի լրումն Դալիի տասնամյակների ընթացքում ստեղծած նկարների` այստեղ են նաև նրա քանդակները, եռաչափ կոլաժներ, մեխանիկական սարքեր և նկարչի երևակայությամբ ծնված այլ հետաքրքիր նմուշներ:
Ազգային հին պատկերասրահ (Բեռլին)
Պատկերասրահում ցուցադրվում են կլասիցիզմի և ռոմանտիզմի շրջանի գործեր: Ներառված են Մանեի, Մոնեի, Մաքս Լիբերմանի, Լովիս Կորինտի և այլ ականավորների գործեր:
Առավել արժեքավորներց են Յոհան Էրդման Հումելի «Շախմատային խաղ Բեռլինի Ֆոս պալատում», Կասպար Դավիդ Ֆրիդրիխի «Քահանան ծովի մոտ», Ադոլֆ ֆոն Մենցելի «Երկաթի վերամշակման գործարան», Յոհան Գոթֆրիդ Շադովի «Արքայադուստրեր» ստեղծագործությունները:
Հին Ակրոպոլիս թանգարան (Աթենք)
Թանգարանում են գտնվում հնագույն հունական մշակույթի մասունքներ, որոնք պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ակրոպոլիսի տարածքից. Ակրոպոլիսի հուշարձանների քարե արձաններ, բրոնզե գործիքներ, պեղված առարկաներ: Շինությունը գտնվում է Ակրոպոլիսի հարավարևելյան անկյունում։ 2007 թվականին թանգարանի հին շենքը փակվել է և տեղափոխվել է թանգարանի նոր շենք։
Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)
Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։
Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է ցուցանմուշներ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։
Տրետյակովյան պատկերասրահ (Մոսկվա)
Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի առանձին գործեր: Ամբողջական են ներկայացված հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսի ռուսական գեղանկարչությունը, պերեդվիժնիկների, XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս նկարիչների լավագույն գործերը: Ըստ արժանվույն ցուցադրված են խորհրդային արվեստի զարգացման բոլոր փուլերը։
Տրետյակովյան պատկերասրահում տեղ են գտել հայ նկարիչներից Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի, Հովհաննես Զարդարյանի, Գրիգոր Խանջյանի և այլոց ստեղծագործությունները:
Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
Աշխարհի ամենախոշոր թանգարաններից է, որն առաջարկում է առցանց հարթակում ծանոթանալ ավելի քան 200 հազար ցուցանմուշի, որոնց շարքում են Վան Գոգի, Պիկասոյի և այլ մեծանուն նկարիչների աշխատանքներ: