Կախարդական ամրոց, զարմանալի տեսարան, ֆանտաստիկ քաղաք. և՛ երեխաները, և՛ մեծահասակները մեծ սիրով ճանապարհորդում են հորինված աշխարհներով։ Սակայն հայտնի է, որ մարդը չի կարող ստեղծել որևէ բան, որն ամբողջությամբ կտրված կլինի իրականությունից։ Ներկայացնում ենք այն իրական վայրերը, որոնք հայտնվել են հեքիաթների մեջ։
Նոյշվանշտայն ամրոց, Գերմանիա
Այս ամրոցը գտնվում է բավարական ժայռերից մեկի վրա՝ ավստրիական սահմանի հարևանությամբ։ Այն կառուցվել է 19-րդ դարում Լյուդովիկ 2-րդի հրամանով։ Իր դիրքի շնորհիվ ամրոցը դիմացել է երկու համաշխարհային պատերազմների։
Ուոլթ Դիսնեյն ամրոցն առաջին անգամ տեսել է 30-ական թվականներին։ Շրջապատված անմարդաբնակ անտառներով՝ ամրոցն ասես հեքիաթային աշխարհից լինի։ Այդ ժամանակ Դիսնեյը ժամանցի այգի ստեղծելու գաղափարի շուրջ էր մտածում, և 1955 թվականին առաջին Դիսնեյլենդի տարածքում կառուցվեց Քնած գեղեցկուհու ամրոցը, որը շատ նման է Նոյշվանշտայնին, իսկ 1985 թվականին այս ամրոցը դարձավ Walt Disney Pictures-ի խորհրդանիշը։
Թաջ Մահալ, Հնդկաստան
«Ալադին» մուլտֆիլմի պալատի ճերմակ պատերը և ոսկե գմբեթները հիշեցնում են Թաջ Մահալը։ Պաշտոնապես հաստատված չէ, որ մուլտֆիլմում պատկերվածը Թաջ Մահալն է, սակայն ընդհանուր նմանությունները վերացնում են բոլոր կասկածները։
Մզկիթը կառուցվել է 17-րդ դարում փադիշահի հրամանով՝ նվիրված ծննդաբերության ժամանակ մահացած կնոջ հիշատակին։ Մուլտֆիլմում սյուժեն նմանատիպ է. սուլթանն ինքնուրույն է դաստիարակում դստերը՝ Ժասմինին։ Բացի այդ, Թաջ Մահալը գտնվում է Ագրայում, իսկ մուլտֆիլմի ամրոցը՝ հորինված Ագրաբայում։
Ոսկե դարպասներ կամուրջ, ԱՄՆ
Աշխարհի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Այն ոչ միայն իրական Սան Ֆրանցիսկոյի այցեքարտն է, այլ նաև հորինված Սան Ֆրանցիսկոյինը՝ «Հերոսների քաղաք» մուլտֆիլմից։ Ըստ հեղինակի՝ այս քաղաքը Սան Ֆրանցիսկոյի և Տոկիոյի միաձուլումն է։
Հարվարդի համալսարան, ԱՄՆ
«Հրեշների համալսարանը» Հարվարդի նմանակն է. նույն ճարտարապետությունը, նմանատիպ լսարաններ և հանրակացարան։
Մոս-Սեն-Միշել, Ֆրանսիա
Ամրոցով կղզին գտնվում է Փարիզից 285 կմ հեռավորության վրա։ Այն հիշեցնում է «Ռապունցել. խճճված պատմոթյուն» մուլտֆիլմի ամրոցը։ Հեղինակները չեն հաստատում այս փաստը, բայց նմանությունները չեն ժխտում։
Այս ամրոցը մինչև 1863 թվականը գործել է որպես բանտ և կրել է «Ազատության լեռ» իրոնիկ անունը։ Որոշ տվյալների համաձայն՝ այստեղ պահվել է ավելի քան 300 բանտարկյալ։