ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ:

Համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)) կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որը ներկայում կարող է էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին գրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:

Չնայած ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ»,-ասված է հայտարարությունում:  

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում:

Կասպրշիկի տարածած հայտարարությունում ասված է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակման և անձնական շփումների սահմանափակման:

«Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը»,-ասել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել