Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ Նորքի ինֆեկցիոնում հիվանդը մահացել է սրտամկանի ինֆարկտից։ 

Հիշեցնենք, որ հիվանդի մահվան հայտարարվել է երեկ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»:

Այսօր տեղի ունեցած ասուլիսում նախարարից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է հիվանդը Նորքի ինֆեկցիոնում եղել, եթե նրա մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել, ինչին ի պատասխան Ա.Թորոսյանը նշեց՝ «Պացիենտը հայտնվել է այնտեղ, քանի որ կորոնվիրուսի կասկած է եղել, որը հերքվել , իսկ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտից»։
Թորոսյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված աշխատակիցներին ու ասաց, որ այդ որոշումը եղել է Առողջապահության նախարարության կողմից։

«Նրանց մեկուսացրել ենք, որովհետև աշխատակիցներից մեկի մոտ հաստատված դեպքով վիրուս էր հայտնաբերվել։Դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են, հետազոտվել են և բոլորի մոտ վիրուսը բացասական է եղել։ Այսինքն` այս պահին որևէ հիմնավոր կասկած չկա, սակայն եթե նույնիսկ լինի էլ, այստեղ ուրիշ տակտիկա ենք որդեգրելու՝ կախված հիվանդության արտահայտման աստիճանից։ Եթե կլինի թեթեւ ձեւ, հնարավոր է ամենը տեղում կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե լինի ծանր ձեւ, նրանք կհոսպիտալացվեն»,-ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով, վիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից, եւ ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա։ Երկրներ կան, որտեղ այդ պայմանը խախտելու դեպքում նույնիսկ պատասխանատվություն է նախատեսվում։

«Դա արվելու է նաեւ Հայաստանում, մենք կարծում ենք, որ եթե համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետեւանքներ, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։ Մենք հիմա աշխատում ենք օրենքների նախագծի վրա, որովհետեւ վարակի տարածմանը զուգընթաց՝ մենք պետք է հասկանանք, որ սա մեկ-երկու ամսվա խնդիր չէ, եւ շփումները սահմանափակելու եւ պաշտպանիչ միջոցառումները պետք է տարածենք ժամանակի մեջ՝ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո։ Պաշտպանությունը պայմանավորված չէ միայն արտակարգ դրությամբ»>,-շեշտեց Առողջապահության նախարարը։

Հաշվի առնելով զարգացումները՝ նախարարի խոսքով, ամենայն հավանականությամբ, կլինեն առանձին հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին, որպեսզի ընդհանուր հիվանդանոցների ներսում տեղի չունենա հիվանդանոցային վարակ։

«Նույն Իտալիայում 1000-ավոր բժիշկներ են վարակվել կորոնավիրուսով և իրենք են դարձել վարակի աղբյուր։ Դժբախտաբար մենք էլ բուժքրոջ վարակվածության դեպք ունենք և նրան մեկուսացրել ենք, որպեսզի վարակը չտարածվի»,-ասաց Թորոսյանը։
Նախարարի ներկայացմամբ՝ մարզային բժշկական կենտրոններում, ամենայն հավանականությամբ, հիվանդներ չեն բուժվի, մարզի բնակիչները նույնպես կբուժվեն կենտրոնացած հիվանդանոցներում, որոնց ցանկը վերջնականացվելուց հետո կհրապարակվի։

«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, միևնույն է, մնալու է կենտրոնական օղակը՝ ախտորոշելու, թեստեր վերցնելու, պացիենտներ ընդունելու ու համակարգելու առումով»,-ասաց Թորոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել