Pastinfo.am-ը գրում է․

Հուսով եմ` բոլորդ վճռական եք, որ այս դժվար պահին պետք է գրագետ քայլերով գնանք առաջ և այս ճգնաժամի արդյունքում պետք է ՀՀ-ն, հայ ժողովուրդը, Արցախն ավելի ուժեղացած դուրս գանք: Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս տեղեկացրեց` երեկ կառավարությունում քննարկել են հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը. «Մեր որոշումը միանշանակ է: Մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու` վերականագնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ դա լավն էր ՀՀ-ում: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել ետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը և դա հետևյալն է, որ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր: Այս ընթացքում գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք, և պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը: Այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,-ասաց վարչապետը:

Վերջինս ընդգծեց` համարժեք քայլեր պետք է ձեռնարկեն նաև սոցիալական մարտահրավերների կապակցությամբ: Վարչապետը  նկատեց` կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, արդար, հասցեական. «Պետք է հիշենք նախկինում ճգնաժամային շրջանների սոցիալական ծրագրերը և դրանց հետևանքները, երբ սոցիալական ծրագրերը կամ օգնությունները շատ հաճախ կենտրոնանում են մի քանի տեղերում և սոցիալական աջակցությունների ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսներ են տեղի ունենում: Պետք է բացառենք դա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 25 մլրդ դրամ հրատապ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկեն, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կլինի և մոտ 80 մլրդ դրամի հիմնադրամ կլինի, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը ետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել