Tert.am-ը գրում է.

Հանքարդյունաբերությունը, հատկապես մետաղական հանքերը, այս շրջանում՝ Ամուլսարը, կարևորագույն հիմնահարցեր են, ընդ որում՝ Ամուլսարի խնդիրն այն է, որ դա առանձնահատուկ վտանգավոր հանքավայր է, եթե անգամ այդտեղ ամենաառաջադեմ տեխնոլոգիաներն օգտագործվեն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Ամուլսարում անհնար է անվտանգ թթվային դրենաժ անել: Կառավարությունն այսօր դժվար վիճակում է հայտնվել, մի կողմից՝ էկոլոգիական ռիսկերն են, մյուս կողմից՝ ֆինանսական: «Լիդիանն» արդեն մեծ գումարներ է վատնել ոչ միայն բուն հանքավայրում, այլև էկոլոգիական և սոցիալական ծախսերի վրա: Ամեն դեպքում, ժամանակ ձգելը խնդրից խուսափելու տարբերակ չէ»,- ասել է բնապահպանը:

Ըստ Դանիելյանի՝ «Էլարդի» փորձաքննական եզրակացության մեջ Ամուլսարի հանքավայրի ռիսկերի մի մասը տրված է, և անհնար է դրանք անտեսելը, սակայն կառավարությունը չի կարողանում գտնել նվազագույն ռիսկային ճանապարհը.

«Ակնհայտ է, որ պետք է որոշում ընդունել: Գերակշռող են ռիսկերը Սևանի և Ջերմուկի համար: Մեր գիտելիքները ստորգետնյա ջրերի մասին սահմանափակ են, բացի այդ՝ դրանք կայուն չեն, ռիսկերը շատ արագ փոխվում են»:

Բնապահպանի պնդմամբ՝ հանքերի առումով Հայաստանում ամենառիսկային գոտին Լոռու, ապա Սյունիքի մարզերն են. «Այդտեղ հողն ու ջուրն աղտոտված են ծանր մետաղներով, դրանք հայտնաբերվում են այդ համայնքների բնակիչների արյան և մազերի մեջ: Շատ են արյան չարորակ ուռուցքներով և շնչառական խնդիրներով հիվանդները, առկա են նաև ծնունդներ բնածին արատներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել