Tesadasht.am-ը գրում է.
«Ոսկե ծիրան»-ը մասոնական կառույց է։ Այս մասին այսօր «Ազգային պետական իմունիտետը հարձակման տակ» թեմայի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:
«Իմ նպատակը չէ անձնավորել այս կամ այն անձի կատարած քայլը, բայց գիտենք, որ կան կառույցներ, ովքեր ինչ-որ մեկի պատվերն են կատարում»,- նշել է Խ. Ստամբոլցյանը:
Նա, մասնավորապես, անդրադարձել է «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի լոգոյին՝ նշելով, որ դա մասոնական նշան է. «Մտածում եմ, որ դա պատահականություն է, ֆիլմերի ցանկում 2 ֆիլմ է բացակայում՝ ադրբեջանական, եւ միասեռականների մասին: Մենք խաղալիք ենք դարձել, կանգնած ենք ծանր արհավիրքի առաջ: Բոլորի նպատակն է քայքայել մեր ազգային ավանդական արժեքները, մարդուն սարքել կառավարելի եւ ոչնչացնել: Մենք կամա թե ակամա, մտնում ենք բռնության տակ, կա մի ահռելի մեքենա, ով խնդիր է դրել վերացնել բնակչությունը, մարդկության ցեղասպանություն է գնում, մարդկության հսկա քանակն արդեն անհրաժեշտ չէ»:
Այս հարցի շուրջ TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, մեկնաբանելով վերը նշվածը, միայն նշեց, որ դա զուտ Խ. Ստամբուլցյանի կարծիքն է: «Ծիծաղելի է»,- եզրափակեց նա: