2020 թվականի հունիսի 1-ին համաշխարհային կինոյի լեգենդ Մերիլին Մոնրոն 94 տարեկան կդառնար։ Այսօր որոշել ենք պատմել, թե ինչ հարուստ ներաշխարհ է ունեցել այս տաղանդավոր կինը։
1. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մերիլինն աշխատել է ավիացիոն գործարանում
1944 թվականին դեռևս անհայտ Նորմա Ջին Մորտենսոնն (դերասանուհու իրական անունն է) անհաջող ամուսնությունից հետո վերադառնում է իր խորթ ծնողների քաղաքը։ Այստեղ նա աշխատանքի է տեղավորվում ավիացիոն գործարանում։ Եվ չնայած նրա կենսագիրների խոսքերով՝ նրա պարտականությունների մեջ չէր մտնում ինքնաթիռներ հավաքելու տեխնիկական մասը, այս նկարում նա աշխարհում առաջին անօդաչու սարքն է հավաքում։ Հենց այս նկարի շնորհիվ են աղջկան նկատել և պայմանագիր առաջարկել մոդելային գործակալության հետ։
2. Նրա գրադարանում ավելի քան 400 գիրք կար
Մանկության տարիներին Մերիլինը լավ կրթություն չէր ստացել։ Այդ պատճառով հասուն տարիքում նա սկսեց անդադար կարդալ։ Նրա գրադարանում ավելի քան 400 գիրք կար, որոնց թվում ինչպես գեղարվեստական գրականություն կար, այնպես էլ՝ գիտական։ Լեգենդար շիկահերի համար առանձնահատուկ էին Հեմինգուեյը, Ֆլոբերը, Քամյուն և Ֆրեյդը։
3. Մոնրոն աշխատում էր կատարելության հասցնել իր դերասանական խաղը՝ անտեսելով քննադատների կարծիքը
Մերիլինը չէր ցանկանում բավարարվել համակրելի հասարակ կանանց դերերով, որոնց նա խաղում էր ստուդիայում, այդ պատճառով էլ դերասանական կուրսերի էր հաճախում։ Նրա ուսուցիչներից մեկի՝ լեգենդար Լի Ստրասբերգի խոսքերով՝ Մերիլին Մոնրոն և Մարլոն Բրանդոն նրա լավագույն աշակերտներն են եղել, քանի որ միայն նրանք են կարողացել խորասուզվել կերպարի կյանքի մեջ։ Սակայն կինոարտադրողները չէին շտապում դերասանուհուն լուրջ դերեր տալ։ Այդ պատճառով էլ Մոնրոն ձգտում էր հնարավորինս ավելի լավը դառնալ։ Նրա կերպարն իր վրա տարած մեծ աշխատանքի ևս մեկ ապացույցն է։
4. Նա կարողանում էր իրեն ենթարկեցնել կինոստուդիայի ղեկավարության և հանդիսատեսի կարծիքը
1952 թվականին հարցազրույցների մեկում դերասանուհին ասել է, որ օրացույցի համար մերկ է նկարվել։ Ստուդիան փորձում է նրան համոզել խոստովանել, որ նկարում ինքը չէ, սակայն դերասանուհին չի համաձայնում։ Արդյունքում Մերիլինը շփոթված պատմում է հանդիսատեսին, որ շատ աղքատ է եղել և ստիպված է եղել այդպես փող աշխատել։ Դրա արդյունքում նա ավելի մեծ սիրո արժանացավ հանդիսատեսի կողմից։
20th Century Fox ստուդիայի հետ Մոնրոն միշտ լարված հարաբերություններ ուներ։ Նա ցանկանում էր ավելի շատ ստեղծագործական ազատություն ունենալ, սակայն չէր ստանում այն։ Այդ ժամանակ նա սեփական կինոստուդիան է հիմնոմ և ակտիվորեն ինքնափիար անում՝ ստիպելով 20th Century Fox կինոստուդիային իրեն շահավետ պայմանագիր առաջարկել։
5. Դերասանուհին զարգանում էր բեմական բոլոր ուղղություններով
Դերասանուհին ոչ միայն դերասանական վարպետությամբ էր զբաղվում, այլև սովորում էր պարել, երգել, ծանր աթլետիկայով էր զբաղվում և յոգայով։ 20th Century Fox ստուդիայի ղեկավար Բեն Լայոնը մի դեպք է պատմել հարցազրույցներից մեկում։ Իմանալով դերասանուհու ծանրաբեռնված գրաֆիկի մասին՝ նա հարցնում է նրան, թե ինչու է նա այդքան շատ աշխատում իր վրա, ինչին ի պատասխան Մոնրոն ասում է. «Հնարավոր է մի օր ինձ հնարավորություն ընձեռնվի և ես չեմ ուզում այն բաց թողնել»։
6. Նա ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ
- Ելույթներով հանդես է եկել Կորեայում ամերիկյան զինվորների համար։
- Ֆինանսապես օգնել է մանկատներին և երեխաներին աջակցող այլ կազմակերպություններին։
- Հանդես է եկել միջուկային զենքի չեղարկման օգտին։
- Մեքսիկա այցի ժամանակ 10 հազար դոլարի չեկ է դուրս գրել մանկատան համար։
- Իր ունեցվածքի 25%-ը ժառանգել է իր հոգեբանին, որը պետք է հովանավորեր հոգեբուժական հիվանդանոցները։
7. Նա պայքարում էր քաղաքացիական իրավունքների հավասարության համար։
Վերջին հարցազրույցներից մեկում Մերիլինը խնդրում է լրագրողին կենտրոնանալ իր համար կարևորություն ներկայացնող հարցերի և ոչ թե սեքսուալության վրա։
«Այն ինչի կարիքն իրոք ունի աշխարհը դա բարեկամության իրական զգացումն է։ Բոլորը. աստղերը, բանվորները, նեգրերը, հրեաները, արաբները՝ բոլորս եղբայրներ ենք։ Խնդրում եմ մի ծիծաղեք ինձ վրա։ Ավարտեք հարցազրույցը նրանով, ինչին ես հավատում եմ»։
Հանրահայտ Էլլա Ֆիցջերալդը 1950 թվականին բեմի վրա ռասայական խտրականության զոհ էր դարձել։ Նրան թույլ չէին տվել հանդես գալ հոլիվուդյան հայտնի «Մոկամբո» ակումբում։ Մերիլինի մահվանից տարիներ անց Էլլան խոստովանել է, որ պարտքի տակ է Մոնրոյի առջև։ Պարզվում է, որ դերասանուհին անձամբ է կապվել ակումբի տերերի հետ և սպառնացել նրանց խայտառակել մամուլում՝ պահանջելով Ֆիցջերալդին ներառել ելույթների ցանկում։ Համաձայնության դեպքում Մոնրոն առաջարկել է բեմին մոտ սեղանիկներից մեկին նստել և հանդիսատես գրավել։ Ակումբի տերերը համաձայնել են, Մոնրոն պահել է խոստումը, իսկ Էլլան այլևս ելույթ չի ունեցել փոքր ակումբներում։
Մերիլին Մոնրոյի ժառանգությունը
Նրա շատ կենսագիրներ այն կարծիքին են, որ Մերիլին Մոնրոյի կերպարը, որով նա նվաճել է աշխարհը, իր հետ չար կատակ է խաղացել. նա դրա գերին է դարձել։ Իսկ երբ նա ցանկացել է դուրս գալ այդ կերպարից, աջակցություն չի ստացել։ Այս միտքն են արտացոլվում նաև դերասանուհու կենսագիր, գրող Սառա Չերչվելի խոսքերը. «Ամենամեծ միֆն այն է, որ նա հիմար էր։ Երկրորդ միֆն այն է, որ նա շատ փխրուն էր։ Երրորդը՝ որ նա չէր կարողանում խաղալ։ Իրականում նա հիմար չէր, նա շատ խելացի էր և ուժեղ։ Աստծու սիրույն, նա հիմար շիկահեր չէր, նա դերասանուհի էր։ Այնքան լավ դերասանուհի, որ հիմա դրան ոչ ոք չի հավատում։ Նա ամեն ինչ էր, բացի նրանից, ինչ ցույց էր տալիս էկրանի վրա»։
Իսկ ահա թե ինչ էր ասում այդ մասին Մերիլինը իր հերոսուհու՝ Լորելեի անունից. «Ես կարող եմ խելացի լինել, երբ պետք է, բայց տղամարդկանց դա դուր չի գալիս»։