Կոչ ենք անում լրատվամիջոցներին և հարգելի լրագրողներին ապավինել իրենց մասնագիտական որակներին և չտրվել գայթակղությունների։

Մարտի 16-ին «Սիվիլնեթը», հիմք ընդունելով իրեն փոխանցված մի լուսանկար և առանց ճշտելու պաշտոնական պատկան կառույցներից դրա հետ առնչված հանգամանքները, նյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը, այս իրավիճակից ելնելով, լքել է երկիրը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Հայոց եկեղեցու զավակների մոտ, նաև հրճվանք Հայոց եկեղեցուն վարկաբեկել տենչացողների շրջանակներում:

Նույն օրը երեկոյան լրատվամիջոցի տնօրինությանը մեր հեռախոսազրույցների ընթացքում տրված լուսաբանությունների արդյունքում հեռացվեց կայքում զետեղված նյութը, սակայն, ցավոք, պահպանվեց յութուբյան տեսանյութը, որը և ակտիվորեն չարամտորեն սկսեց տարածվել հատկապես ռուսահայ մի կայքի կողմից, որն ակնհայտ թշնամական վերաբերմունք է դրսևորում եկեղեցականության և Եկեղեցու հանդեպ:

Ամենայն Հայոց կաթողիկոսը գտնվում է Մայր Աթոռում, որտեղ անցնող օրվա ողջ ընթացքում բոլոր եպիսկոպոսների հետ միասին քննարկվել են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու հնարավորությունները, որոնց մի մասի վերաբերյալ Վեհափառ հայրապետն արդեն իսկ հանդես է եկել ժողովրդին ուղղված հորդորով: Այսօր էլ Նորին սրբությունն ունի ծրագրված աշխատանքային հանդիպումներ և տարբեր հարցերի շուրջ խորհրդակցություններ:

Կարծում եմ, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, հետևելով ՀՀ կառավարության որոշմանը, պետք է ականջալուր լինել միայն պաշտոնական լրահոսին: Ազգի հոգևոր առաջնորդի հասցեին նման կեղծ լուրերի տարածումը միայն ահագնացնում է տագնապի և խուճապի մթնոլորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել