Երևանի քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցներն այս օրերին շարունակելու են աշխատել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձով հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մեր ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպություններում, ինչպես Երևանի քաղաքապետարանում, 60-անց և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ուղարկել ենք տուն, և նրանք աշխատելու են տանը թվային եղանակով»,- ասել է Մարությանը:
Քաղաքապետի խոսքով՝ այս օրերին չեղարկվելու են քաղաքացիների բոլոր ընդունելությունները թե՛ քաղաքապետարանում, թե՛ վարչական շրջաններում:
«Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ և այլ մասշտաբային միջոցառումներ, ճիշտ կլինի դրանք տեղափոխել 30 օր հետո: Եթե, այնուամենայնիվ, կարիք կա անցկացնելու հենց հիմա, ապա, սիրելի երևանցիներ, ես խնդրում եմ անել դա տանը և նեղ ընտանեկան միջավայրում»,- ասել է քաղաքապետը՝ հորդորելով հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին:
Մանրամասները՝ տեսանյութում: