168.am-ը գրում է․

Սևանի կառավարական առանձնատնից երեկվա իր լայվի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի` նոր հայտնաբերված 3 դեպքերից մեկը գրանցվել է մեղրեցի երիտասարդի մոտ։ Ըստ Փաշինյանի վարկածի` Սյունիքից վերադառնալու ճանապարհին, մինչև Ջերմուկ գնալը, ինքն մտել է Վայքում գտնվող մի բիստրո` արագ սննդի կետ, ու այնտեղ շփվել է այդ մեղրեցի երիտասարդի հետ, ում մոտ, թերևս, ըստ ամենայնի, արդեն իսկ հաստատված է եղել կորոնավիրուսի առկայության փաստը, և հենց դա է պատճառը կրկնակի թեստ հանձնելու։

168.am-ի տեղեկություններով` այդ բիստրո կոչվածը Վայքի Food court-ն է եղել, շատ հայտնի մի վայր, որտեղ շատ հաճախ սնվում են այդ ճանապարհով երթևեկողները, այդ թվում՝ նաև Ջերմուկ և այլ բնակավայրեր մեկնողներն ու այնտեղից եկողները։ Ըստ էության չի բացառվում, որ վարակի աշխարհագրությունն ընդլայնվի` հասնելով մինչև Ջերմուկ։ Եվ եթե հաշվի առնենք, որ այդտեղից դուրս գալուց հետո Փաշինյանը մասնակցել է Վայքի հանրահավաքին, չի բացառվում, որ Վայքում էլ դեպքեր հայտնաբերվեն։

Բայց այս պատմության մեջ, այնուամենայնիվ, մի անհասկանալի բան էլ կա:

Այսօր NEWS.am-ին Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով ախտորոշված՝ Մեղրիի քաղաքացին մարտի 10-ին է վերադարձել Իտալիայից:

«Որպես տուրիստ է գտնվել Իտալիայում, իսկ գալու օրվանից տանը մեկուսացված է եղել: Տաքություն է ունեցել, «Շտապօգնություն» կանչել, դիմել Մեղրիի հիվանդանոց, մեկուսացրել են ինֆեկցիոն բաժանմունքում, թեստ արել»,- ասել է  նա՝ նշելով, որ տղամարդու ընտանիքն է միայն մեկուսացված սեփական տանը, քանի որ վերադարձից հետո տղամարդը միայն նրանց հետ է շփվել:

Հիմա թե ինչպե՞ս  գալու օրվանից` մարտի 10-ից մեկուսացված քաղաքացին հանկարծ հայտնվեց Վայքի արագ սննդի կետում, որտեղ էլ հանդիպեց Փաշինյանին ու վերջինիս դարձրեց պոտենցիալ վարակակիր, մնում է անհասկանալի:

Իսկ միգուցե կորոնավիրուսի` Մեղրի-Ջերմուկ-Վայք ճանապարհորդությունն ա՞յլ տեղից է սկսվել, ասենք, շատ հեռու մի մայրցամաքից… Տարբերակ է, չէ՞:

Ի դեպ, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը  կորոնավիրուս կոչված վարակի` Հայաստան  ներթափանցման մեղավորությունը գցեց  Էջմիածնի բնակչուհու և կազմակերպված  նշանդրեքի վրա, որի պատճառով իշխանությունների և նրանց համակիրների, այլոց կողմից սոցցանցերում թիրախավորվեց այդ կինը, հայհոյախառն հալածանքների ենթարկվեց, անպատասխան մնաց այն հարցը, թե ինչո՞ւ էին Փաշինյանը և իր տիկին Աննա Հակոբյանը, որը նոր էր վերադարձել արտերկրի ճամոփորդությունից, քարոզարշավ իրականացնում մարզերում, այդ թվում՝ Վայքում, ու աջ ու ձախ գրկախառնվում քաղաքացիների և դպրոցահասակ երեխաների հետ:

Ողջ աշխարհի ուշադրությունը վիրուսի տարածումն ու կանխարգելման գործողություններն են, հայաստանյան մամուլը, փորձագիտական շրջանակները և սոցիալական ցանցերն օրեր շարունակ ահազանգում են սպասվող վտանգների մասին, իսկ երկրի վարչապետը, մեղքը բարդելով նախկին իշխանությունների կամ «իրենց լավը չցանկացողների» կամ շարքային քաղաքացիների վրա, հազարավոր մարդկանց կոչ էր անում գալ ու մասնակցել իրենց քարոզարշավին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել