168.am-ը գրում է․

«ՀՀ կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն և կքննարկվի Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կարևոր հարցեր պետք է քննարկենք ու կարևոր որոշումներ կայացնենք: Առկա իրավիճակը վերլուծելով, մասնավորապես, պետք է պատասխանենք հարցին, թե արդյո՞ք կարիք կա Հայաստանում կամ մեր հանրապետության առանձին հատվածներում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու, թե՞ ոչ: Կկայացնենք մաքսիմալ արդյունավետ որոշում և կտեղեկացնենք բոլորին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելով, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի: Փաշինյանը կոչ արեց շարունակել պահպանել այն բոլոր հորդորները, որոնք տարածվել են կառավարության, Առողջապահության նախարարության կողմից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի  ղեկավար Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ պետք է արտակարգ դրություն հայտարարվի, պետք է փակվեն բոլոր սննդի կետերը, քարտեզագրում կատարվի, որպեսզի հասկանանք, թե որ համայնքում ինչ ունենք։

«Հիմա արտակարգ դրությունը թեև ուշացած է, բայց անհրաժեշտություն է, որովհետև ես նայում եմ, դեռ մեր ժողովրդից շատերը սա լուրջ չեն ընդունում։ Անհրաժեշտ է նաև քարտեզագրում կատարել, որովհետև, ի հեճուկս պնդումների, թե Իտալիայից է վիրուսը ներթափանցել, ես գրեթե համոզված եմ, որ մեզ մոտ վիրուսի ներթափանցումը տեղի է ունեցել հունվարի վերջին ու այդ ներթափանցումը տեղի է ունեցել Իրանի սահմանից։ Կամ էլ, ոչ թե Իտալիայից, այլ Իրանից եկած մեր հայրենակիցների միջոցով։ Նրանց թողեցին, որ տուն գնան՝ ասելով, թե՝ ինքնամեկուսացմամբ զբաղվեք,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ շարունակելով,- Պետք է  փակենք սահմանները, քարտեզագրում կատարենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել։ 30 հոգու մասին որ հայտարարում են, ես գրեթե համոզված եմ, որ շատ ավելին են, իսկ պոտենցիալ վարակակիրների թիվը, ինձ թվում է՝ 1000-ների է հասնում։ Իմ վերլուծությունը թույլ է տալիս կասկածել, որ մենք մեծ խնդիր ունենք երկրի հարավում։ Խոսքը Սյունիքի, Վայոց ձորի մասին է, որտեղից գալիս են բեռնատարները։ Մի՛ մոռացեք, որ այդ ճանապարհներին կան երկաթյա կրպակներ, որոնք վարորդների համար են նախատեսված։ Սուրճ են խմում, անգամ քնում են։ Ինձ թվում է՝ դա տարածման մեխանիզմներից մեկն է եղել։ Ժամանակին հերթափոխով ընտանիքներն աշխատում էին այդտեղ։ Կասկածներ ունեմ, որ նշված մարզերում մեծ քանակությամբ վարակակիրներ ունենք»։

Բանախոսը կարևորեց փորձագետների կողմից պլանի մշակումը։

«Գրեթե համոզված եմ, որ սա արհեստածին վիրուս է, ոչ թե բնական է։ Բացի այն, որ ախտահարում է թոքերը, բարդացումը լինում է բակտերիալ միկրոֆլորայով և հանգեցնում է մահվան։ Երիտասարդները թեթև են տանում, քանի որ նրանց մոտ թոքերն ախտահարված չեն, իսկ տարեցների մոտ այդպես չէ։ Մեզ հիմա ցանկացած բժշկական հաստատություն պետք է՝ թեկուզ կարանտինի համար։ Ոչ թե պետք է  Մոնթե Մելքոնյան վարժարանը դատարկել, այլ եղած բժշկական հաստատություններն օգտագործել, ոչ թե փակել։ Նրանք, ովքեր Հայաստան են ժամանում՝ պետք է մեկուսացվեն, ընդ որում՝ ոչ թե 14, այլ 40 օր, որովհետև, եթե ժամանողներից մեկը վարակվել է 10 օր առաջ ու իջնելուց տաքություն ունի, նրա կողքին նստածն արդեն վարակվել է ինքնաթիռում, ու նրանց մոտ այն կարող է արտահայտվել 15-20 օր հետո։ 40 օրը մաքսիմալ կարանտինային ժամանակահատվածն է։ Ճիշտն ասած, ես չեմ հավատում, որ Իրանից ՀՀ եկած քաղաքացին ապաքինվել է։ Նման մարդկանց տուն չի կարելի թողնել, քանի որ կան տվյալներ, որ նույնիսկ առողջացած մարդիկ կարող են վիրուսակիր լինել,- նկատեց Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով,- Ես համաճարակաբան եմ ու գիտեմ, թե սա ինչ է։ Ես դրա միջով անցել եմ՝ այստեղ չէ, ուրիշ երկրներում։

Այն, որ ասում են՝ չղջիկից է անջատվել վիրուսը, դա անպատասխանատու հայտարարություն է, մինչ օրս չկա նման փաստ։ Այս վիրուսում, որոշ տեղեկություններով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ մասնիկները չէին կարող բնական ճանապարհով առաջանալ, դա լաբորատոր, գենային ինժեներայի աշխատանք է։ Պետք է նաև ՀՀ Զինված ուժերում համաճարակաբանական հետազոտություն կատարել, որ վաղ հայտնաբերվի վիրուսը։ Բժիշկների հատուկ ստորաբաժանում է պետք, որ սա կատարի։ Անհրաժեշտ է նաև բժիշկների ճգնաժամային խումբ, որովհետև, եթե վարակվածներ եղան բժիշկների մեջ, նրանք էլ պետք է մեկուսացվեն, ու, բնականաբար, փոխարինողներ են անհրաժեշտ»։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել