Հայաստանի բժիշկների մի մասը ոչ միայն չի արել ամեն բան հասարակությանը ճիշտ պատրաստելու արհավիրքին, այլև արել է ճիշտ հակառակը` հիմարություններ է դուրս տվել և հատկապես սոցիալական հարթակներում` փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ, և անգամ կարողացել է վարչապետին համոզել, որ ջերմությունը կորոնավիրուսի պարտադիր ախտանշան է: Մեծամտաբար մասնագետ ներկայանալով` կոչ է արել հանգստանալ` նույնանալով խորհրդային ժամանակների հիմնական նպատակի` «պանիկա» չտարածելու բժիշկ-պետական պրոպագանդիստների հետ:
Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում, ընդհակառակը, պարսավում եմ նրանց մի զգալի մասին և պնդում եմ, որ, որոշ բացառություններով, անշուշտ, Հայաստանի բժիշկների մեծ մասը գոնե մինչ այս պահն իրեն դրսևորել է որպես ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու մեծամիտ մի զանգված, որը, չարաշահելով չտեղեկացված հասարակության բնական վստահությունը, վտանգել է նրան:
Հիմա բժիշկները պարտավոր են կատարել իրենց աշխատանքը և ծառայել իրենց կոչմանը` ծառայություններ մատուցել ժողովրդին: Բժիշկ լինելը ոչ թե բարձր եկամուտներ ունենալու և բոլորին վերևից նայելու արտոնություն է, այլ հասարակությանն ու նրա անդամներին դժվարաբար ծառայելու բարձր կոչում:
Միայն երբ այս ճգնաժամն անցնի, կարելի կլինի գնահատել հայաստանյան իսկական նվիրյալ բժիշկների ու բուժաշխատողների աշխատանքը: Եվ այդպիսիք հաստատ կան: Բայց դեռ ժամանակը չէ: Անլուրջ շնորհակալությունների ժամանակը չէ, առավել ևս՝ այն ֆոնին, երբ արդեն եղել են բժիշկներ, որ դավաճանել են իրենց կոչմանը` լինել պրոֆեսիոնալներ և մասնագիտաբար ծառայել հանրային առողջության շահերին: