Ankakh.com-ը գրում է.

Անկախ-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Իտալիայից Հայաստան ժամանած քաղաքացիների մեջ է եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ մարտի 2-3-ը Ավինյանը ՀՀ վարչապետի որոշմամբ գտնվում էր արձակուրդում: Եվ եթե հաշվի առնենք, որ մարտի 2-ին ու 3-ին նախորդում էր ևս երկու ոչ աշխատանքային օր (շաբաթ, կիրակի), ապա չենք բացառում, որ Ավինյանը մեկնել էր Իտալիա հանգստանալու (համենայնդեպս, պաշտոնական այցի մասին որևէ տեղեկություն չկա)։

Ամենևին չվիճարկելով բարձրաստիճան պաշտոնյանի՝ արտերկրում հանգստանալու իրավունքը՝ այնուամենայնիվ, հարցին մոտենանք կորոնավիրուսային անվտանգութան տեսանկյունից։

Հայտնի է, որ Իտալիան այդ ժամանակ արդեն իսկ վտանգավոր երկրների շարքում էր, և ավելի քան զարմանալի է, որ Ավինյանը մեկնել է հենց Իտալիա։ Ավելին, ռիսկային գոտուց վերադառնալուց հետո փոխվարչապետը ոչ միայն չի մեկուսացվել, այլև հանգիստ գնացել է աշխատանքի, և ինչպես տեղեկանում ենք պաշտոնական լրահոսից, մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: 

Մարտի 9-ին Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ Ավինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ էր անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթվա ընթացքում:

Իսկ քիչ առաջ Ավինյանն ուղիղ եթերում նաև հայտարարեց, որ այն քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում գտնվել են Իտալիայում, անկախ չվերթից, անպայման 14-օրյա կարանտինի պետք է ենթարկվեն։

Ի՞նչ է սա, եթե ոչ պետական բարձրաստիճան պաշտոնյանի կողմից բացահայտ անպատասխանատու վերաբերմունք իրավիճակի նկատմամբ։ Եվ հիմա հարց է ծագում՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պետական մյուս պաշտոնյաները բարոյական իրավունք ունեն դատապարտելու էջմիածինցի կնոջը, երբ նույն անպատասխանատու ու անփույթ վարքագիծը դրսևորում է պետական նման բարձրաստիճան պաշտոնյան, որը, փոխանակ մեկուսացվելու, դեռ մի բան էլ գլխավորում է  Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը և մեկուսացվելու կոչեր է հղում մյուս քաղաքացիներին։

Այսքանից հետո մնում է միայն խոր կասկածներ ունենալ, որ իշխանությունը գիտակցում է խնդրի ողջ լրջությունը և համարժեք քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ 

Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ցավոք, ունենք անլուրջ իշխանություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել