Անգամ այս օրհասկան պահին Հայաստանի պատմության ամենաանպատասխանատու և ցինիկ իշխանությունը փորձում է իր հանցավոր անփութությունը շղարշել նախկին իշխանություններին փնովելու քողի տակ։
Ամբողջ կյանքում քաղաքական ընդդիմադիրներին անհարկի հայհոյելով, չհաստատված մեղադրանքներ հնչեցնելով, ժողովրդի մոտ բազմաթիվ սուտ ու կեղծիքներ տարածելով, երկրում իրենց ընդդիմադիր լինելու օրոք սերմանել են ծայրահեղ ատելություն ու անհանդուրժողականություն, իսկ այսօր արդեն իրենց իշխանության օրոք այդ գործընթացը հաջողությամբ ավարտին են հասցնում։
Սրանք մոռացել են, թե ինչպես էին իրենց ընդդիմադիր նեղ անձնական շահերին հագուրդ տալով շահարկման ու ցինիկ քննարկման առարկա դարձնում պետության ու պետականության տեսանկյունից խիստ վտանգավոր մի շարք հարցեր՝ սկսած բանակից, վերջացրած՝ եկեղեցով։
Թերթեք մամուլը, ծանոթացեք սրանց նախկին ընդդիմադիր լաչառ ելույթներին ու գրվածքներին ու պարզ կդառնա, որ էս մարդկանց երկերեսանիությունն ու երեսպաշտությունը սահմաններ չունի, իսկ ամոթի զգացումը շատ վաղուց է լքել սրանց, եթե չասենք որ երբեք չեն էլ ունեցել։
Ինչի եմ այսքանն ասում, որովհետև հիմա էլ թիրխ են դարձրել Հայաստանի ամենապրոֆեսիոնալ առողջապահության նախարարներից մեկին՝ Արմեն Մուրադյանին, ու իրենց կարճամտությամբ փորձում են Մուրադյանի պաշտոնավարման ժամանակ թռչնի գրիպի դեպքերը դարձնել շահարկման առարկա։
Պարզա չէ, որ վերջին գոնե մեկ շաբաթում օպերատիվ կառավարման հարցում էն աստիճանի են տապալվել, որ նորից գործի են դրել իրենց հին, բայց անչափ հարազատ ու էժանագին մեթոդները։
Երևի իմաստ էլ չունի սրանց լրջանալու կոչ անել, այնքան ժամանակ, քանի դեռ սեփական կաշվի վրա չեն զգացել իրավիճակի վտանգավորությունը։