Armlur.am-ը գրում է․

Երեկվա տվյալներով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 դեպք։ Նրանցից 6-ը Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ հետ շփված անձինք են։ Ինչպես հայտնի է, Էմիածնում հայտնի գործարարի կինը Իտալիայից Հայաստան է եկել, ջերմություն ունեցել, սակայն ջերմիջեցնողներ եւ սիստեմաներ ընդունելուց հետո որդու նշանադրության արարողությանն  է մասնակցել՝ մինչ այդ ոսկու շուկա եւ գեղեցկության սրահ այցելելով։ Այժմ նրա շրջանակի բոլոր անձինք մեկուսացված են։

Ինչպես նշեցինք, նա Էջմիածնում հայտնի գործարարի կին է եւ Իտալիայում էր գտնվում հենց ամուսնու հետ․ վերջինիս մոտ էլ են կորոնավիրուս հայտնաբերել։ ArmLur.am-ի տեղեկություններով, այժմ թեստավորում են անցնում նրան պատկանող գործարանի աշխատակիցները, ում հետ նա այս օրերին ամենից հաճախ է շփվել, սակայն դեռ վերջնական արդյունքներ չկան։

13 դեպքերից երկուսը դեռ մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն են, իսկ ահա 1 նոր դեպք էլ հայտնաբերվել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա Հայաստան է վերադարձել օրեր առաջ եւ այս ընթացքում բնակվում է Նոր Նորքի զանգվածում՝ բարեկամի տանը։ Վերջիններս եւս պետք է ստուգվեն, սակայն մեր տեղեկություններով, շփման շրջանակն այնքան էլ մեծ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել