Երեկ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսեց կորոնավիրուսի հետ կապված նոր զարգացումների մասին։ Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի։ Շեշտեց, որ վարակվածների մեծ մասն Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են։ Նշեց, որ նոր մանրամասներ է իմացել Իտալիայից ժամանած հայրենակցուհու հետ կապված, թե նրան հաշվառելուց հետո նրանց տուն են այցելել մասնագետներ, բժիշկներ, զանգել են մի քանի անգամ, ասել են, որ գան, ջերմաչափեն, սակայն ինքն ու իր ամուսինը հավաստիացրել են, որ ոչ մի բողոք չունեն առողջության հետ կապված։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նույնիսկ կիսակոնֆլիկտային իրավիճակ է եղել, և համեմատություն անցկացրեց Իրանից ժամանած հայրենակցի ու Իտալիայից ժամանածի միջև` նշելով, որ Իրանից ժամանած հայրենակցի ջերմությունը մի թեթև բարձրանալուն պես դիմել է բժշկի, իսկ Իտալիայից ժամանած մեր հայրենակիցն ակնհայտ ջերմության տակ դեղեր խմելով գնացել է հարազատի նշանդրեքին մասնակցելու։

Վարչապետը մեղադրեց Իտալիայից եկած մեր հայրենակցուհուն, որ նրան են դիմել մոնիթորինգի առողջապահության նախարարության աշխատակիցները, և նա ուղղակի թաքցրել է այդ դեպքը։ Նաև նշեց, որ եթե այդ դեպքը չլիներ, 13 դեպքից կունենային 6-ը։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը մեղադրեց այդ կնոջը հիվանդությունը թաքցնելու, որպես դրա հետևանք մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելու մեջ։

Ճանաչելով այդ կնոջ հարազատներից ոմանց, որոնց անունները հարգելի պատճառով չեմ նշում, փորձեցի կապ հաստատել նրանց հետ և հասկանալ, թե վերջիվերջո ինչ է տեղի ունեցել։ Ինձ պատմեցին, որ փետրվարի 15-ին մեր հայրենակցուհին իր ամուսնու հետ միասին գնացել է Իտալիա, ապա փետրվարի 29-ին վերադարձել Հայաստան։ Ինչպես Իտալիայի, այնպես էլ Հայաստանի օդանավակայաններում երկուսի ջերմությունը չափել են, և նրանք ունեցել են 36.5 տաքություն, որը սովորական մարմնի ջերմաստիճանն է։ Ըստ իմ աղբյուրի՝ այդ տեղեկությունները փաստաթղթավորվել են հաշվառման ժամանակ։ Հաշվառումից հետո, քանզի նրանք որևէ գանգատ չեն ունեցել և իրենց էլ մեկուսացնելու առաջարկ չի արվել, գնացել են տուն։

Քանի որ ներկա պահին մեր հայրենակցուհին և իր ամուսինը մեկուսացված են, ինձ չհաջողվեց ճշտել իսկությունը, թե արդյո՞ք իրենց զանգել, առաջարկել են ջերմաչափել, կամ եղե՞լ են կիսակոնֆլիկտային իրավիճակներ, սակայն ինձ հավաստիացրին, որ մինչև մարտի 9-ի ուշ գիշեր առողջության հետ կապված որևէ տեսակի գանգատներ չեն ունեցել, որը հնարավոր է թաքցնեին և չդիմեին բժշկի։ Ընդհակառակը, մարտի 8-ին մեր հայրենակցուհու որդու նշանադրության արարողությանը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 30 հոգի, ռեստորանի տեսախցիկները պետք է որ արձանագրած լինեին, թե ինչպես է այդ կինը երգում, պարում, ուրախանում իր որդու նշանադրությանը։ Այնինչ վարչապետը նշում է, որ նա ակնհայտ ջերմության տակ դեղեր է խմել և մասնակցել որդու նշանադրության արարողությանը։ Սակայն ռեստորանի տեսախցիկները և ներկա գտնված անձինք կփաստեն, որ որևէ տեսակի առողջական խնդիրներ չեն նկատվել մեր հայրենակցուհու մոտ։

Նշանադրության հաջորդ օրը` մարտի 9-ի ուշ գիշերին, մեր հայրենակցուհին սկսել է իրեն վատ զգալ և վաղ առավոտյան այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ նրան ստուգելուց հետո խորհուրդ են տվել գնալ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որը արել է և մեկուսացվել այնտեղ։

Ըստ իմ աղբյուրի տեղեկության՝ փաստացի պարզ է դառնում, որ մեր հայրենակցուհին և իր ամուսինը Հայաստան ժամանելուն պես ստուգվել են, և նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, այլ մարմնի ստանդարտ չափի ջերմություն են ունեցել, և քանի որ նրանց չեն առաջարկել մեկուսացնել, գնացել են տուն։ Եթե նույնիսկ նախքան բժշկական կենտրոն դիմելը նրանց զանգել, առաջարկել են առողջապահական ծառայություններ մատուցել, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ վատ են իրենց զգացել կամ ախտանշաններ են նկատել ու թաքցրել։

Վարչապետի այն պնդումը, որ մեր հայրենակցուհին ակնհայտ ջերմության մեջ դեղեր ընդունելով գնացել է հարազատի նշանդրեքին մասնակցելու, չի համապատասխանում իրականությանը։ Դա կփաստեն արարողությանը ներկա գտնված մասնակիցները, ինչպես նաև ռեստորանի տեսախցիկները, որ որևէ մեկը չի նկատել այդ «ակնհայտ» ջերմությունը և ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր նման ջերմության պայմաններում այդպիսի ակտիվությամբ մասնակցել որդու նշանադրության արարողությանը։ Մեր հայրենակցուհին սկսել է վատ զգալ իրեն նշանդրեքից մեկ օր անց և այդ ժամանակ օպերատիվ կերպով դիմել է բժշկական կենտրոն, ինչպես որ պահանջվում է յուրաքանչյուրիցս։

Եթե այս տեղեկությունները լիովին հավաստի են, որում ես կասկած չունեմ, ապա Նիկոլ Փաշինյանն անամոթաբար քավության նոխազ է դարձրել մեր հայրենակցուհուն, որի վրա է ցանկանում կոտրած լինել իր ոչ կոմպետենտ, անադեկվատ աշխատանքների հետևանքները, որոնք թույլ է տվել իր իշխանությունը` կապված կորոնավիրուսի տարածման հետ։

Երկրի վարչապետին հարիր չէ նման կերպ վերաբերվել իր հայրենակցին, այն էլ՝ այն դեպքում, երբ հայրենակցուհին և իր ամուսինն իրենցից հասանելիք ամենն արել են, որպեսզի հնարավոր վարակակիր լինելու դեպքում չտարածվի այն։

Հ.Գ. «Կարմիր զոնա» կարանտին հայտարարված պետությունից ժամանած, ըստ նախնական ստուգման արդյունքների առողջական խնդիրներ չունեցող, հետո ախտանշանները զգացած և բժշկական կենտրոն դիմած քաղաքացուն մեղադրելը հիվանդությունը գիտակցաբար թաքցնելու, մարդկանց մահաբեր վիրուսով վարակելու մեջ երկրի ղեկավարի համար առնվազն ամոթալի է և մարդկային բանականությունից դուրս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել