Հետաքրքիր, սակայն քիչ հայտնի փաստ․ Արևմտյան Աֆրիկայում զույգ երեխաներ ավելի հաճախ են ծնվում, քան մնացած ողջ աշխարհում։ Նիգերիայի հարավ-արևելքում գտնվող Իգբո-Օրա քաղաքը զույգ երեխաների ծնվելու իսկական կենտրոն է։ Անգամ քաղաք մտնելիս բոլորին դիմավորում է հետևյալ գրությունը․ «Ձեզ ողջունում է Զույգերի աշխարհի մայրաքաղաքը»։

Յուրաքանչյուր 1000 նորածնին բաժին է ընկնում 50 նորածին զույգ։ Իսկ 35 տարի առաջ Իգբո-Օրայում ծնվում էր 58 զույգ նորածին՝ յուրաքանչյուր 1000 երեխայի հետ համեմատած։ Կան նաև զարմանալի ռեկորդներ։ Այսպես, բնակիչներից մեկն իր ողջ կյանքի ընթացքում լույս աշխարհ է բերել ավելի քան 8 զույգ երեխա։

Իմիջիայլոց, քաղաքն այդքան էլ մեծ չէ։ 2017 թվականի դրությամբ այնտեղ ապրում էր մոտ 190 հազար մարդ։

Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է այդքան շատ զույգերի ծնվելու պատճառը։ Շատերը կարծում են, որ պատճառը տեղի ճաշատեսակներից մեկն է, որը պատրաստվում է յամսից և մանիոկայի ալյուրից։ Տեսություններից մեկի համաձայն՝ յամսը նպաստում է գոնադոտրոպինի արտադրությանը, որը ակտիվացնում է սեռական գեղձերի աշխատանքը։

Ոմանք կարծում են, որ ամեն ինչի մեղավորը գենետիկան է։ Եթե ընտանիքում զույգեր են ծնվել, ապա մեծ է հավանականությունը, որ հաջորդ սերունդներում նույնպես զույգեր կծնվեն։

Իգբո-Օրայում զույգերի ծնունդը համարում են երկնքի պարգև, այդ պատճառով շատերն աղոթում են Աստծուն, որ միանգամից երկու երեխա ունենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել