Aysor.am-ը գրում է.

2019 թվականի դեկտեմբերի վերջից աշխարհում տարածվող կորոնավիրուսն (COVID-19) այսօր Պանդեմիայի է վերածվել: Վարակվածների թիվը 130 հազարից ավելի է, մահացել են հազարավոր մարդիկ:

Եվրոպական պետություններն այսօր ամենախոցելիներն են, զբոսաշրջային Իտալիան կարմիր գոտում է։

Վտանգավոր գոտու երրորդ հորիզոնականում Իրանն է :

Հատկանշական է, որ COVID-19-ը Հայաստան հասավ 2 ամիս անց. մարտի 1-ին հայտարարվեց առաջին վարակակրի մասին, ով ժամանել էր Թեհրանից: Մարտի 11-ին գրանցվեց ևս 3 նոր դեպք՝ այս անգամ Իտալիայից ժամանած քաղաքացիների մոտ, որոնց, ի դեպ, Հայաստանի պատկան մարմինները խորհուրդ էին տվել ինքնամեկուսանալ:

Այն, որ խորհուրդը չէր գործել գոնե 1 ժամ՝ ապացուցվեց հենց հաջորդ օրը. մարտի 12-ին ու 13-ին 4 տեղացի վարակակիրներ հայտնաբերվեցին, ովքեր, փաստորեն, սերտ կապ էին ունեցել Իտալիայից ժամանած վարակակիրների հետ:

Անխոս, խուճապը լավ բան չէ, բայց երբ ինքնակազմակերպվելն ու պատշաճ զգուշավորությունը պակասում է ազգային գենետիկ կոդից, երբ հարբուխով հիվանդը երբեք տանը չի ինքնամեկուսանում, երբ ամեն հանդիպման ու հրաժեշտի ժամանակ ձեռքսեղմումն ու գրկախառնությունը սիրո և հարգանքի պարտադիր դրսևորում ու ապացույց են՝ ուրեմն պետք է խուճապ տարածելու զուտ մտավախության մասին մոռանալ ու պետականորեն կտրուկ միջոցներ ձեռնարկել, ընդհուպ՝ վտանգի մասին պարբերաբար ահազանգն ու ստիպողաբար մեկուսացումը:

Ինչևէ, մարտի 15-ին Իտալիայից Հայաստան կրկին չվերթ է նախատեսվում, Հայաստան են վերադառնում ոչ միայն ժամանակավոր Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներն, այլև՝ Իտալիայում մշտական բնակություն հաստատած հայերը:

Aysor.am-ը զրուցել է Իտալիայում բնակվող հայ պրոդյուսեր, մասնագիտությամբ հոգեբան Էդգար (Էդդի) Հովսեփյանի հետ:

- Դուք Հայաստանի՞, թե՞ Իտալիայի քաղաքացի եք: Հիմա ո՞ր քաղաքում եք, չե՞ք մտածում առաջիկա չվերթով Հայաստան գալու մասին:

- Ես հայկական քաղաքացիություն նույնպես ունեմ, բայց այս պահին իմ գլխուղեղում նույնիսկ հպանցիկ չի անցնում Հայաստան գալու մասին միտքը: Պատկերացնո՞ւմ եք, եթե, օրինակ, ես իմ ներսում կրում եմ COVID-19-ը, որը գաղտնի շրջանում է ու առանց սիմպտոմների, թռնում եմ՝ այդ ընթացքում վարակելով ինքնաթիռում ինձ շրջապատող հասարակությանը, հասնում եմ այդտեղ ու գնում տուն, հանդիպում հարազատներիս և ընկերներիս, ու 14 օր հետո պարզվում է, որ ես վիրուս ունեմ: Այդ բոլոր մարդիկ պետք է անհապաղ կարանտինի մեջ մտնեն բոլոր նրանց հետ, ում հետ այդ ընթացքում շփում են ունեցել։ Ես սա համարում եմ դիմացինի առողջությունը ռիսկի տակ դնել սեփական էգոիզմի պատճառով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել