Apple ընկերությունը եւ Պետական Էրմիտաժը համատեղ հինգժամանոց ֆիլմ են ներկայացրել թանգարանի մասին, որը նկարահանվել է մեկ կադրով եւ iPhone 11 Pro Max-ի մեկ լիցքավորմամբ: Ֆիլմն ինքը եւ դրա թրեյլերն արդեն հասանելի են YouTube-ում Apple-ի պաշտոնական ռուսական ալիքում: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ընկերությունում։

Apple-ի եւ Էրմիտաժի՝ ավելի քան հինգ ժամ տեւողությամբ համատեղ նախագիծն իրենից ներկայացնում է զբոսանք թանգարանով, որտեղ հանդիսատեսին ներկայացվում են 45 սրահներ եւ արվեստի գրեթե 600 ստեղծագործություններ: Այդ ֆիլմը թանգարանի կյանքից մեկ օր պատկերելու փորձ է, պատմում է նախագծի ռեժիսոր Ակսինյա Գոգը:

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու խոսքով՝ նման փորձը նոր մոտեցում է թանգարանի նկատմամբ: «Կինոն ստեղծվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, բայց դրա հետ մեկտեղ ցույց է տալիս դասական թանգարան եւ դասական արվեստ: Թվում է՝ ցուցադրվում է «սովորական» Էրմիտաժը, բայց ոչ սովորական անկյան տակ: Այդ ամենն էլեկտրոնային էսթետիկայի հաջորդ փուլն է, երբ տեխնոլոգիաներն սկսում են հումանիզացվել: Դա էլ հենց արդիականությունն է»,- հավելել է Պիոտրովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել