1in.am-ը գրում է.
Մեկ գազատարից, մեկ նավթատարից չպետք է կախված լինել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ խոսելով գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ:
Նա նշեց, որ թանկացման մահակը հերթական անգամ հարվածեց ժողովրդին: Ըստ նրա, եթե գոնե գազի թանկացումը հասկանալի է, որովհետև գազի գինը որոշվում է Կրեմլում, ապա անհասկանալի, տնտեսապես անհիմն է էլեկտրաէներգիայի նման թանկացումը: Բանախոսի դիտարկումների համաձայն՝ ՀՀ կառավարությունը և համապատասխան մարմինները պետք է 90-օրյա ժամկետում հանրային լսումներ իրականացնեին, իսկ այդ թանկացումները կազմակերպվեցին 20 օրվա ընթացքում: Ուստի, ըստ նրա, իշխանությունները սխալ գործեցին:
«Այս թանկացումների արդյունքում կմեռնի շինարարությունը, շինարդյունաբերությունը, սննդի և մի շարք ծառայությունների գները կբարձրանան: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, շուտով նաև 50 տոկոսով կթանկանա տրանսպորտը»,- նշեց նա` հավելելով, որ վաղուց էր ասում, որ Հայաստանը պետք է տնտեսությունը դիվերսիֆիկացնի: Նրա համոզմամբ՝ մեկ գազատարից, մեկ նավթատարից չպետք է կախված լինել: