168.am-ը գրում է․

«Ամենևին պարտադիր չէ, որ այդ համայնքի հանդիպումները որևէ կերպ համաձայնեցված լինեն հայկական կողմի հետ, կամ ընդգրկեն տողատակեր, քանի որ դեսպանների, միջնորդների գործունեության տիրույթում է՝ կոնկրետ այս համակարտության շրջանակում հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերի, տուժածների, տուժողների և տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի» ազդեցության ընդլայնմանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիևի հետ: Այս մասին վկայում է դեսպանի թվիթերյան գրառումը: «Այսօր ճանաչողական բնույթի հանդիպում եմ ունեցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար, պատգամավոր Թուրալ Գյանջալիևի հետ: Հանդիպմանը քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները և այն ներդրումը, որ կարող է ունենալ համայնքն այս գործում»,- օրերս այս մասին գրել էր բրիտանացի դիվանագետը:

Ավելի վաղ՝ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այս համայնքի ղեկավարը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ ներկայացուցչի հետ, ինչը ևս մեծ աղմուկ բարձրացրեց հայկական մամուլում: Թուրալ Գյանջալիևը հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հետ նախորդ տարի դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ետղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ:

Ուվե Հալբախն ասաց, որ նորություն չկա այն հանգամանքում, որ հակամարտող կողմերն անընդհատ փորձում են իրենց շահերն առաջ մղել բանակցային գործընթացում, օգուտներ քաղել այս կամ այն իրադարձությունից:

Ըստ նրա, այս անգամ այդ ջանքերը համադրված են Երևանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունների հետ: Նա նշեց, որ ադրբեջանական կողմի համաձայն՝ հարմար առիթ է բանակցային ձևաչափը համալրելով՝ լուծել մի քանի խնդիր, ինչը կիրականանա, եթե այդ համայնքն ավելի մեծ դերակատարություն ստանձնի և մասնակցի բանակցությունների:

«Կարծում եմ՝ այս հարցի կարգավորումը կողմերի միջև բանակցությունների և նրանց որոշումների տիրույթում է, և կարծում եմ՝ ձևաչափի հարցում որևէ փոփոխություն մոտ ապագայում չի սպասվում: Ավելին, չեմ կարծում, թե սա ընդունելի զարգացում է Երևանի համար: Ի վերջո, նմանատիպ շատ հանդիպումներ կարող են տեղի ունենալ, սակայն չհասնել իրենց նպատակին»,- ասաց վերլուծաբանը:

Վերջինիս կարծիքով՝ նման ջանքեր մշտապես նկատվել են ադրբեջանական քաղաքականության մեջ, սակայն վերջին շրջանում դրանք ավելի ինտենսիվ են, հաշվի առնելով Երևանից հնչող հայտարարություններն Արցախի բանակցային դերի վերաբերյալ:

Ուվե Հալբախի խոսքով՝ ամենևին պարտադիր չէ, որ նման հանդիպումները որևէ կերպ համաձայնեցված լինեն հայկական կողմի հետ, կամ ընդգրկեն տողատակեր, քանի որ դեսպանների, միջնորդների գործունեության տիրույթում է կոնկրետ այս հակամարտության շրջանակում հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերի, տուժածների, տուժողների և տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ:

«Կան դեպքեր, երբ խոսքը միջնորդների մասին է, այդ գործունեությունն ավելի զգուշավոր է, դիվագիտորեն լավ փաթեթավորված, ընտրված բառամթերքով, և այլն, որպեսզի հարցեր չառաջանան հակառակորդ կողմում: Ուստի կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կա զգուշավորություն: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ նաև, որ այս ջանքերը տեղ են հասնում այն երկրներում, որի հետ հարաբերություններն առավել սերտ են, որտեղ Ադրբեջանն ավելի ակտիվ է աշխատում: Ըստ իս, Հայաստանը կարող է իր քաղաքականությամբ հակադրվել ադրբեջանական այս ջանքերին՝ բացատրելով իր գործընկերներին սեփական մոտեցումները և այն, թե ինչու կարող են հայկական կողմի համար անընդունելի լինել այս հանդիպումները: Սակայն ես չեմ կարծում, որ իրավիճակն այդ փուլում է»,- ասաց Հալբախը:

Խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների մասին՝ գերմանացի վերլուծաբանն ասաց, որ չկարգավորված հակամարտության և ոչ այնքան հաջող բանակցությունների դեպքում դժվար է կողմերի համար պահպանել հրադադարը, հատկապես, երբ կա նաև տեխնիկայի կուտակում սահմանային հատվածներում:

«Կարծում եմ՝ դա լինելու է, քանի դեռ այս հակամարտությունն իր ներկայիս փուլում է: Հրադադարի խախտումները կարելի է չեզոքացնել և վերացնել չափազանց լուրջ պայմանավորվածություններով, որոնք, թերևս, այս պահին քիչ հավանական եմ համարում, քանի որ կողմերը միմյանց հետ դեռ խոսում են ոչնչից»,- ասաց Ուվե Հալբախը:

Ըստ նրա՝ դրանում հակամարտությանը հետևող վերլուծաբանները համոզվեցին մյունխենյան հանրային քննարկումից՝ հակամարտող երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել