Բոլոր այն ինտելեկտուալ մարտահրավեր ունեցողները, ովքեր ատամներով պաշտպանում են այս կառավարության հանցավորատիպ ապիկար քաղաքականությունը` սահմանները բաց պահել, ունակ չեն ըմբռնելու, որ ներսում սահմանափակ օջախներն ավելի հեշտ է աստիճանաբար վերահսկողության տակ վերցնելը, քան անընդհատ դրսից եկող վարակակիր հոսքերի դեմ արդեն ներսում անընդհատ ու անվերջ պայքարելը:
Վարչապետի խոսքերը, թե որոշեցին Իտալիայի ուղղությունը չփակել, որովհետև Եվրոպան միասնական է, և այլ տեղերից էլ են գալիս, ուղղակի սահմռկեցուցիչ է իր տրամաբանական կապի առումով: Իսկ վարակային օջախների ինտենսիվությունը կապ չունի՞: Եվ եթե չունի, հիմա՞ ինչ են ասելու Հայաստանի՝ աշխարհի փորձի և վարքագծի վրա թքած ունեցող իշխանությունները, երբ ԱՄՆ-ն ուղղակի կտրեց Եվրոպայի հետ ամբողջ հաղորդակցությունը:
Ի՞նչ է ստացվում. ողջ Արևմուտքի, Իսրայելի և ԱՄՆ-ի ողջ կառավարությունն` առողջապահական իր ենթակառուցվածքներով ղեկավարվում է հիմարների կողմից, իսկ Հայաստանը ղեկավարում են իմաստնագույն հեղափոխական առաջնորդնե՞րը:
Վհատեցնող է այն փաստը, որ Հայաստանում այսքան մտավոր դեգրադացման զոհ դարձած քաղաքացի կա: Ողբերգություն է, երբ ակնհայտ և ողջ լուսավոր աշխարհում փորձված թեմաները դառնում են միջնադարյան մակարդակի տարատեսակ քննարկումների առարկա, որտեղ ամենաբարձրը հնչում է և տեղ է հասնում միայն հասարակության ամենատարբեր ներկայացուցիչներից միայն հիմարագույն մարդկանց ձայնը: