Operativ.am-ը գրում է.
Կիբեռանվտանգության հարցերով մասնագետները խորհուրդ չեն տալիս լուսանակարները սոցցանցերում հրապարակել։ Այս մասին այսօր «Կիբեռանվտանգ Հայաստան» քննարկումների ժամանակ հայտարարեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը։
«Անհրաժեշտ է գիտակցել, որ ձեզնից լավ ձեր անձնական տվյալները ոչ ոք չի կարող պաշտպանել։ Ձեր անձնական գործն է ներբեռնել ձեր լուսանկարները սոցցանցերում, թե ոչ, սակայն ես խորհուրդ չէի տա դա անել»,- հայտարարեց նա։ Հայրապետյանը նաեւ հավաքվածներին կոչ արեց հիշել, որ գլոբալ ցանցում ոչինչ չի մոռացվում, չկան ժամանակային եւ տարածքային սահմաններ։ «Այն ամենը, ինչ դուք հրապարակում եք, ըստ էության, հասանելի է բոլորին եւ, ըստ էության, ընդմիշտ»,- ասաց մասնագետը։ Նա խորհուրդ տվեց նախքան որեւէ մեկնաբանություն եւ լուսանկար հրապարակելը լրջորեն մտածել այն մասին, թե ինչպես դա կդիտվի եւ կընկալվի 20 տարի անց։ Հայրապետյանը նշեց, որ շատ քաղաքական գործիչներ եւ գործարարներ բախվում են խնդիրների հետ՝ շատ տարիներ առաջ հրապարակած մեկնաբանությունների կամ լուսանկարների պատճառով։ Ավելին, նույնիսկ եթե հասանելիությունը հաշվին սահմանափակ է, լուսանկարներն ամեն դեպքում կարող են «զբոսնել համացանցում», քանի որ դրանցով կարող է կիսվել ընկերներից որեւէ մեկը։ Մասնագետը նշեց, որ տվյալ դեպքում ոչինչ նախաձեռնել չի հաջողվում, քանի որ գրանցվելով սոցցանցում, մարդը փաստացի «իր հրապարակումներով» կիսվելու» իրավունք է տալիս։ «Խնդիրն այնքան արդիական է դարձել, որ նույնիսկ «վիրտուալ մահվան» մեխանիզմ է հորինվել։ Մարդը կարող է դիմել, օրինակ, Google ընկերությանը եւ խնդրել, որ իր մասին ամբողջ տեղեկատվությունը ջնջվի»,- հայտարարեց նա։
Կիբեռանվտանգության հարցերով մասնագետ Անահիտ Պարզյանն, իր հերթին, նշեց, որ Հայաստանի քաղաքացիները «վիրտուալ մահվան» մեխանիզմներից օգտվել չեն կարող, քանի որ երկրի գործող օրենսդրությունը նման հնարավորություն չի ենթադրում։ Այդ մեխանիզմները, հայտարարեց նա, գործում են եվրոպական պետությունների քաղաքացիների համար։ Սրա հետ կապված՝ նա քննարկման մասնակիցներին կոչ արեց մեկնաբանություններ եւ լուսանկարներ հրապարակելիս առավելագույն զգուշություն դրսեւորել։ «Եղել են շատ դեպքեր, երբ քաղաքական գործիչները մեկնաբանություններ են կատարել սոցցանցերում, իսկ հետո ջնջել են դրանք, սակայն ԶԼՄ-ների ձեռքում հայտնվել են այդ հայտարարությունների սքրինշոթերը։ Այդ պատճառով պետք է հաշվի առնել, որ ինչ-որ բան գրելը շատ հեշտ է, իսկ ջնջելը՝ ծայրահեղ դժվար»,- հայտարարեց նա։
Մասնագետը կոչ արեց հատկապես զերծ մնալ բացասական մեկնաբանություններ անելուց եւ հիմնականում ղեկավարվել «կարեկցանքի» սկզբունքով։ «Այսօր սոցիալական ցանցերում ձեւավորված մթնոլորտի համար մեծ հաշվով մենք բոլորս ենք մեղավոր։ Աշխատեք չգրել բացասական մեկնաբանություններ, նույնիսկ եթե դա ձեզ շատ է վրդովեցրել։ Ժամանակի հետ զայրույթը եւ վրդովմունքը կանցնեն, իսկ մեկնաբանությունները կմնան»,- հայտարարեց Պարզյանը։