Իտալիայում հումանիտար աղետ է այլևս: Հյուսիսում առողջապահական ողջ համակարգն արդեն փլուզման եզրին է: Մահերն աճում են ամենուր` բացի Չինաստանից: Միջազգային բոլոր լուրջ մասնագետները միաբերան պնդում են, որ սա ահռելի արհավիրք է լինելու, և որ դեռ նախնական փուլում ենք:
Եվ այս ֆոնին զազրելի են այն տխմարաբանությունները, երբ Հայստանում նախ` կորոնավիրուսը հանեմատում են գրիպի հետ և հետո` երբ այս համաճարակի հետևում միջազգային դավադրություններ և քաղաքական խաղեր են տեսնում:
Ինչո՞ւ է խավար միջնադարը միայն Հայաստանում և էլի մեկ-երկու հետխորհրդային երկրում իշխում միայն: Ողջ աշխարհում պատկերացնում են իրական վիճակը: Հայաստանում կա՛մ ինքնախաբեության մեջ են և բութ քնով տարված, կա՛մ էլ դավադրությունների ամենահիմար տեսությունների են հավատում և իրենց հատուկ տխմարությամբ խոր և բազմահարկ վերլուծություններ անում:
Բայց ամենանողկալին կորոնավիրուսի թեմայով տափակ կատակներն են: Այդ կատակասացները, որ սրամտում են Ֆեյսբուքի տափաստաններում, չեն հասկանում, որ վաղն այն իրենց ընտանիքի անդամի կամ հենց իրենց կյանքը կարող է արժենալ:
Եվ վերջում` բոլորի հետ համբուվելով ու իր սրբազան քարոզարշավը, իսկ հետո և հակասական հանրաքվեն անցկացնելով` այս իշխանությունն ու իր առաջնորդը Հայաստանում նաև կորոնավիրուսային հեղափոխություն կանեն: Եվ դա կլինի միակ հեղափոխությունը, որտեղ նրանք կհաջողեն: