Pastinfo.am-ը գրում է․

Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Զոհրաբ Սիանոսյանն Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից էր։ Համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է՝ խելացի, աշխատող, ընտանիք պահող տղա էր։ Գլուխը կախ իր գործն էր անում.

«Զոհրաբն ամուսնացած էր։ Ուներ երկու դուստր՝ 2 և 4 տարեկան։ Ապրում էին ծնողների, երկու եղբայրների հետ»,-ասաց համայնքապետը։

Վերջինս նշեց՝ ընտանիքը իրենց աշխատանքով է ապրում, հողագործությամբ են զբաղվում, Զոհրաբի կինն էլ ջերմոցներում է աշխատում. «Զոհրաբը նոր էր աշխատանքի անցել որպես պայմանագրային զինծառայող։ Մի քանի օրվա աշխատող էր»,-ասաց Նորիկ Մարտիրոսյանը։

Հարցին՝ երբ է վերջին անգամ Զոհրաբը խոսել ընտանիքի անդամների, կնոջ հետ, Նորիկ Մարտիրոսյանն ասաց. «Հիմա այնպես է, որ միշտ էլ խոսում են։ Հեռախոսային խոսակցությունը միշտ էլ կա։ Երկու ժամ առաջ տեղեկացան դեպքի մասին, դիահերձարանում էինք»,-հավելեց Փոքր Վեդիի համայնքապետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15։30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ):

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել