Hraparak.am-ը գրում է․

ՀԱԷԿ-ում 2-րդ էներգաբլոկի արդիականացման տեխնիկական աշխատանքները կանգնել են, որովհետև գումարները վերջացել են, և ռուսները կանխավճար են պահանջում։ Այս մասին հայտնում է կառավարությանը մոտ մեր աղբյուրը։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից այս հարցով պարզաբանում ենք սպասում։

Դեռ չենք ստացել, բայց մինչ այդ տեղեկացանք, որ ատոմակայանի անձնակազմը սպասարկող ճաշարանն է փակվել, քանի որ այն աշխատեցնող «Գլոբալ սերվիս գրուպ» ընկերությունը չի կարողանում ծածկել իր ծախսերը։  Ընկերությունը, որը վարձակալում է տարածքը, ոչ միայն հոսանքի պարտքեր ունի, այլև աշխատավարձի գծով է մեծ չվճարումներ կուտակել։ Այս մասին հայտնեց ՀԱԷԿ մեր աղբյուրը։ 

Մոտ 10-12 աշխատակից ունեցող այս ճաշարանը ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտ է հանդիսանում, սակայն չի կարող ստանալ եկամուտ։ Այն պետք է աշխատի զրոյական հաշվեկշռով, ծածկելով սեփական ծախսերը, ինչպես եղել է 2019 թվականին։ Երկար ժամանակ այն չուներ նաև առանձին էլեկտրական հաշվիչ։ «Գլոբալ սերվիս գրուպ» ընկերության վառած հոսանքի պատճառով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մի քանի ամիս առաջ տուգանեց ատոմակայանին 10 մլն դրամով։ Այս մասին գրել էինք օրերս։ 

ՀԷՑ-ից «Հրապարակին» հայտնեցին, որ ընկերությունն այժմ առանձին բաժանորդ է և առանձին պայմանագիր է կնքել ՀԷՑ-ի հետ։ Աշխատողներին «Գլոբալ սերվիս գրուպ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Մուշեղյանն արդեն երկու ամիս է, աշխատավարձ չի տալիս։ «Կոլեկտիվով որոշել էինք, որ գնանք դատարան դիմենք` մեր աշխատավարձերի համար, բայց ինքը խոսք է տվել, որ մինչև ամսի 15-ը կփակի պարտքը։  Ատոմակայանի տնօրենի հետ էլ խոսել են, որ պետք է բացեն ճաշարանը»,- ասում է աշխատողներից մեկը։ Նա պատմում է, որ ճաշարանում գրեթե ռեստորանային գներ են։ «Ճաշարան էին գնում միայն ռուս աշխատողները, որոնց աշխատավարձերը հայերից մի քանի անգամ բարձր են։ Հայ աշխատողներից էլ են մեկ-մեկ օգտվում, բայց հիմնականում չեն կարողանում օգտվել ճաշարանից։ Առևտուրն ավելի քիչ էր, քան աշխատողների աշխատավարձերը։ Որոշեցին կրճատել, բայց կրճատումներն էլ օրենքով պետք է լինեին։ Հիմա այսպես մնացել ենք»,- ասում է մեր աղբյուրը։ 

Ճաշարանի տնօրեն Ալեքսանդր Մուշեղյանի հետ զրուցելով համոզվեցինք, որ իրավիճակը, իրոք, բարդ է։ «Ճաշարանը չի աշխատում, որովհետև սպառման այն ծավալները, որոնց մասին խոսքը գնում է, ատոմակայանի աշխատակիցները չեն կարողանում ապահովել։ Մենք աշխատում ենք ՌԴ-ում ընդունված սննդի նորմատիվներով, այդպիսի սննդի ինքնարժեքը բարձր է։ Ունենք ատոմակայանի կողմից վարձի գումար, որը մեծ խնդիր է։ Բացի այդ, հայտնի չէ, թե ռուսական կողմը՝ «Ատոմէլեկտրոռեմոնտ» ընկերությունն այս տարի գալու՞ է, թե՞ ոչ։ Անցյալ տարի ավելի շատ մարդիկ են եկել, քան այս տարի։ Խնդիր առաջացավ նաև էլեկտրաէներգիայի հետ կապված։

Գումարի շուրջ բանակցություններ են գնում։ Այսօրվա դրությամբ մենք ֆինանսապես ի վիճակի չենք պահովելու աշխատողների սնունդը»,- ասաց Ալեքսանդր Մուշեղյանը։ Նա հիմա ատոմակայանի տնօրենի հետ բանակցությունների մեջ է։ Առաջարկել է, որ ատոմակայանը կտրոններ բաժանի աշխատողներին, ինչպես ընդունված է աշխարհի տարբեր ատոմակայաններում։ «Օրական 1280 կիլոկալորիա սնունդ ապահովելը կտրոնների միջոցով աշխատանքային կուլտուրայի բարձրացմանն ուղղված քայլ է։ Ես թվեր չեմ ասի, բայց այնքան էլ մեծ գումար չէ ՀԱԷԿ-ի համար։ Հանդիպել ենք ատոմակայանի արհմիության հետ` այդ հարցը լուծելու համար, բայց արհմիությունը քայլեր չի ձեռնարկում»,- ասում է Մուշեղյանը։ Փաստորեն, 2020-ին ատոմակայանում ավելի քիչ մարդիկ են աշխատում, և Հայաստանում ամենասպառվող ապրանք արտադրողներին կերակրելն այլևս ֆինանսապես արդարացված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել