1in.am-ը գրում է.

Ամառային այս սեզոնին՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գալով պայմանավորված բարձրանում են նաև բնակարանների վարձավճարների գները: 

«Առաջին լրատվական»-ը զանգահարելով մի քանի անշարժ գույքի գործակալություններ պարզեց, որ տարվա այս եղանակին՝ համեմատած մնացածների, բարձրանում են հիմնականում կենտրոնում գտնվող բնակարանների վարձավճարները:

VIVA Realty ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ գների տարբերությունը այլ սեզոնների հետ համեմատած բարձրանում է 10-20 տոկոսով: Նա նաև նշեց, որ բարձրանում են հիմնականում այն բնակարանների վարձակալության գները, որոնք կարճ ժամանակով են տրամադրվում, երկարաժամկետների վրա շատ ավելի քիչ է ազդում:

10-րդ գիծ անշարժ գույքի գործակալության աշխատակիցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բարձրանում են Կենտրոնի բնակարանների գները, իսկ օրինակ՝ ծայրամասերում՝ Նորքի զանգվածում և Էրեբունիում գները հիմնականում մնում են նույնը՝ մեկ սենյականոցի համար ամսական 50-60 հազար դրամ: Նրա խոսքով՝ կենտրոնում բնակարանները տրամադրվում են օրով և ոչ ամսով: Եվ նույնիսկ մեկ սենյականոց լավ վերանորոգված բնակարանի վարձավճարը ոչ ամռանը եթե կարող է լինել ամսական մինչև 1500 դոլար, ապա ամռանը մեկ օրվա արժեքը 50-80 դոլար է:

Ինչ վերաբերում է բնակարանների վաճառքին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ ընդհանուր առմամբ բնակարանների գինը հիմա իջած է, թեպետ բնակարանների սեփականատերերը չեն ցանկանում ավելի մատչելի գներով վաճառել իրենց բնակարանները: Նրա խոսքով՝ վաճառվում են այն բնակարանները, որոնք շուկայականից ավելի ցածր գին ունեն:

Հետաքրքրվեցինք նաև մամուլի այն հրապարակումներից, թե մոտ 600 սիրիահայ հնարավոր է բնակարան գնի Հայաստանում և հարցին՝ հնարավո՞ր է դա ընդհանուր շուկայի վրա ազդի, ինչին ի պատասխան նա ասաց․ «Իսկ ո՞վ ասաց, որ իրականում սիրիահայերը բնակարան են ցանկանում գնել Հայաստանում, գալիս այստեղ մեկ ամիս մնում և փախչում են»:

VIVA Realty-ի ընկերության աշխատակիցն էլ նույն հարցին պատասխանելով ասաց, որ տեղյակ չէ այդ հրապարակումներից, բայց եթե նման բան լինի, ապա բնակարանների ընդհանուր գնի վրա կազդի՝ 5-10 տոկոսով՝ բարձրացման տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել