Նախորդ տարի, երբ դեռ կառավարությունը նոր էր ձևավորվում, դժվար չէր կանխատեսել, որ հավակնոտ ծրագրի բացակայության պայմաններում արհեստավարժ քաղաքական թիմի բացակայությունն օրինաչափ է, քանի որ թիմը, ըստ էության, ձևավորվում է հենց հավակնոտ ծրագրի շուրջ: Հետևաբար այլ բան ակնկալել ձևավորված քաղաքական թիմից, քան ինստիտուցիոնալ անգործությունն է, նույնպես կլիներ անմտություն:
Եվ քանի որ բացակայում էր հավակնոտ ծրագիրը և արհեստավարժ թիմը, ինքնին կանխատեսելի էր դառնում նաև քաղաքական կամքի բացակայությունը, որը պետք է առաջնորդեր զարգացման գործընթացը: Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ ամեն բան մատնված է ինքնահոսի:
Դեռ նախորդ տարի դժվար չէր ենթադրել (հաշվի առնելով նաև 2018թ. 8 ամիսների փորձը), որ քաղաքական վարկանիշը փրկելու միակ գործուն միջոցը շարունակելու էր մնալ ահագնացող պոպուլիզմը: Բայց պոպուլիզմն էլ «էներգիայի» անսպառ աղբյուր լինել չի կարող, ուստի սպասելի էր, որ ինչ-որ պահից այն դադարելու էր սնուցել Փաշինյանի լեգիտիմությանը: Այսօր ականատեսն ենք հենց այդ պրոցեսին, երբ լեզվի «ճռիկներն» ու մանուշակ բաժանելն այլևս ի զորու չեն կասեցնելու լեգիտիմության անկման գործընթացը: Հանրության ընկալման մեջ օրեցօր արժեզրկվում է «հեղափոխությունը», արժեզրկվում է հենց Նիկոլ Փաշինյանը՝ որպես մեսիա, ինչը նույնպես օրինաչափ է: Ի վերջո, հիմար չէր Օսկար Ուայլդը, երբ ասում էր. «Մարդն արժևորվում է այն ժամանակ , երբ խոսքերը համապատասխանում են գործողություններին»:
Բուկլետ և ծաղիկ բաժանելով անհնար է այլևս «հեղափոխության» ճակատագիրը փրկել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել