Կորոնավիրուսն արդեն պանդեմիա է, թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի հայտարարում այդ մասին` դրանով փորձելով կառավարություններին ստիպել ավելի արմատական և կոշտ արձագանքել իրավիճակին:
ԱՄՆ-ում մասնագետների մեծ մասը կարծում է, որ երկիրը շատ վատ է պատրաստված անկառավարելի համաճարակին, իսկ համաճարակն արդեն մոտենում է անկառավարելիության շեմին: Հանրությունը խուճապահար է, սնունդ, ախտահանիչ միջոցներ, առաջին անհրաժեշտության ապրանքներն այլևս երկրում դեֆիցիտ են: Եվ ոչ ոք չի մտածում հանդարտեցնել ժողովրդին: Միայն Սպիտակ տունը: Եվ դա` տնտեսական ու նախընտրական նպատակներով միայն: Մնացած բոլորը կոչ են անում պատրաստվել, պատրաստվել և պատրաստվել: Հայաստանում միակ գավառամիտ մտահոգությունը խուճապից խուսափելն է:
Իրաքը հայտարարեց, որ մի քանի օրից անգամ սեփական քաղաքացիներին կարգելի համաճարակի գոտիներից երկիր՝ տուն վերադառնալ:
Տնտեսագետներն ու ֆինանսիստները համաշխարհային նոր ֆինանսական ճգնաժամ են կանխատեսում: Ամերիկյան բորսան լուրջ ցնցումների շրջան է մտնում:
Հայաստանում հանրությունը, միևնույն է, քնած է, պետությունը` լիովին անպատրաստ:
Հանրաքվե քարոզելն ուղղակի խելահեղություն է: Ժողովրդի և պետական շահի հանդեպ անփութությունն այլևս աններելիից անդին է: Չխուճապահարվողները թող շարունակեն ինքնավստահ տգիտությամբ հայհոյել «պանիկա» տարածողներին, բայց այլևս անկասկած է, որ ամենուր մեծաքանակ մահեր են լինելու, իսկ շուկաները խորը ճգնաժամ են ապրելու:
Մետրոներում քարոզելու փոխարեն անհրաժեշտ է արտակարգ և կտրուկ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, պարենային կուտակում կազմակերպել, նախատեսել հիվանդանոցներ հիվանդների հնարավոր արտակարգ ներհոսք, պատրաստ լինել դրսից պարենային և ապրանքային ներհոսքի կտրուկ կրճատումների և հանրությանը նախապատրաստել դժվար շրջանի: Աշխարհը բոլորովին այլ ռիթմով է այս աղետին վերաբերվում, Հայաստանը` սարսափելի, վախենալու անփութությամբ: