Նյու Յորքի նահանգի Սթոունի Բրուքի համալսարանի հետազոտողները հայտնել են այն տարիքը, երբ ի հայտ են գալիս ուղեղի աշխատանքի վատանելու առաջին նշանները, ինչպես նաեւ որոշել են, թե ինչպես կարելի է դանդաղեցնել այդ գործընթացը: Այդ մասին հայտնել է MedicalXpress պորտալը։
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նեյրոնների միջեւ ֆունկցիոնալ կապը տարիքի հետ վատանում է: Ուղեղի ծերացման առաջին նշանները կարող են ի հայտ գալ արդեն 47 տարեկանում, իսկ 60-ի մոտերքը կոգնիտիվ ունակությունների դեգրադացիայի արագությունը հասնում է առավելակետին: Դա, ինչպես կարծում են գիտնականները, շատ բանով կապված է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության մեծացման հետ: «Երբ մարդը ծերանում է, նրա ուղեղը կորցնում է օրգանիզմ ստացվող գլյուկոզան արդյունավետ մշակելու ունակությունը: Դրա պատճառով նեյրոնները դանդաղորեն քաղցում են, իսկ ուղեղի մասերի փոխգործակցության ցանցերն ապակայունանում են»,- նշել է Մուխիկա Պարոդին: Որպես գլյուկոզայի այլընտրանք գիտնականներն առաջարկել են կետոնները:
Համեմատության համար նրանք մասնակիցներին առաջարկել են երկու սննդակարգ. սովորական եւ ցածրածխաջրային (օրինակ՝ միս կամ ձուկ՝ սալաթի տերեւով, բայց առանց բրնձի կամ կարտոֆիլի), իսկ հետո գնահատել են նրանց ուղեղի աշխատանքի կայունությունը:
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ կետոնային սննդակարգը բարելավել է ուղեղի մասերի փոխգործակցությունը եւ մեծացրել ընդհանուր կոգնիտիվ ակտիվությունը: Ըստ որում, արդյունքը նկատելի է եղել նույնիսկ գիտափորձի ավելի երիտասարդ մասնակիցների մոտ, որոնք դեռ չեն հասել 50-ամյա տարիքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: