Armdaily.am-ը գրում է․

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դադարեցնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները։ Նա նաև նշել էր, որ շարունակելու է ծառայությունը ՀՀ ԶՈւ-երում՝ հենց ռազմական կրթության ոլորտում:
ArmDaily.am-ի տեղեկություններով Հովհաննիսյանի հեռանալու հետ կապված շրջանառվում է մի քանի վարկած։ Վարկածներից մեկն այն է, որ նա մեկնում է ուսումնառության։

Վարկածներից մյուսի համաձայն նա կղեկավարի ՊՆ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջիկայում ձևավորվելիք Ռազմակրթական վարչությունը։

Նշենք, որ Հովհաննիսյանի հեռանալու մասին մամուլը դեռ անցած տարվա ամռանն էր գրել։
Տեղեկությունները ճշտելու համար մեզ չհաջողվեց կապ հաստատել Հովհաննիսյանի հետ, նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասաց. «Ենթադրում եմ, պարոն Հովհաննիսյանն այլ աշխատանքի պետք է անցներ, թե հատկապես ինչ աշխատանք է՝ տեղեկատվություն չունեմ»։ Ալթունյանն ասաց նաև, որ տեղեկատվություն չունի, թե ով է փոխարինելու Հովհաննիսյանին։

Դեռ անցած տարվա ամռանը մամուլում շրջանառվում էր, որ Հովհաննիսյանին կփոխարինի Նանա Գնդոյանը։ Նա նախկինում եղել է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակը և աշխատել է Դավիթ Տոնոյանի հետ, ով այն ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար էր։ Նա գտնվում էր ֆիզարձակուրդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել