Կարդում ենք և հիանում` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է Բրազիլիա այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարին հասանելիք բոլոր արտոնություններից: Եվ այսպիսի համեստության դրսևորումներ Հռոմի Պապը առաջին անգամ չէ, որ ցուցաբերում է: Նրա աննախադեպ համեստությամբ զարմացած է ամբողջ աշխարհը: Ըստ իս, ով ով, բայց մենք չպետք է զարմանանք, քանզի մենք ժամանակին ունեցել ենք այնպիսի մի կաթողիկոս, որի համեստությունը սահմաններ չուներ, խոսքը վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոս, ժողովրդի համար կուռք դարձած երջանկահիշատակ Վազգեն Առաջինին: Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում նրա թողած ավանդը միայն բավական էր, որպեսզի նա դեռ իր կյանքի օրոք դասվեր սրբերի շարքին: Եկեք հիշենք, թե ինչ սխրագործությունների է նա գնացել հանուն Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու.
1962-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:
Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին:
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:
Աննկարագրելի և անգնահատելի է նրա ամենօրյա չարչարանքները Արցախի հարցում. Դեռևս 1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը:
Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թ-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը: Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը: 1992 թ-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին` սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը:
Հ.Գ. Հարգելի ընթերցող, անել այսքան և մնալ համեստ, դրա հետ մեկտեղ զերծ մնալ աշխարհիկ ճոխություններից, զրկել իրեն ամեն ինչից հանուն Հայ ազգի և Հայ եկեղեցու, բնորոշ է միայն այն մարդուն, ով անսահման սիրում է իր ազգը: Այս մարդու օրինակը պետք է ամենօրյա ահազանգ լինի որոշ եկեղեցական ծառայողների համար, ինչպես նաև երկրի որոշ բարձրաստիճան պաշտոնյանների համար: Այսօր մենք ունենք այսպիսի համեստության մեծ դեֆիցիտ: Համեստությունը երևույթ է իրենից ներկայացնում, քանզի միայն արդար, ազգին անչափ նվիրված մարդն է ի վիճակի լինել համեստ, պարկեշտ և անաչառ, ինչպիսին էր ՄԵԾ կաթողիկոսը: