1in.am-ը գրում է.
Ամենատարածված հոգեբանական խնդիրները, որ ունենում են փոխնակ մայրերը, մեղքի զգացումն է: Նրանք չտեղեկացված լինելու արդյունքում հղիության ընթացքում կարող են համարել, որ այն երեխան, ում կրում են, իրենցն է և գումարով վաճառում են: Սա հոգեբան Նարինե Պետրոսյանի դիտարկման արդյունքն է, որն աշխատում է փոխնակ մայրերի հետ:
«Կինը փոխնակ մայր լինելուն լիարժեք պատրաստ է լինում, եթե նրա հետ աշխատում են նախապես, նախապատրաստում են և հոգեբանորեն, և ֆիզիոլոգիայով: Եթե կինն ուղղակի որոշել է, որ ինչ-ինչ պայմաններից ելնելով կարող է փոխնակ մայր լինել և չանցնել հոգեբանական վերապատրաստում, ապա հաստատ հղիության ինչ-որ ժամանակահատվածում կարող են խնդիրներ ի հայտ գալ»,- ասաց հոգեբանը:
Թեև չկա հստակ սահմանված արժեք, բայց փոխնակ մայրերի ծառայության ձևավորված շուկա կա: Փոխնակ մոր ծառայությունն արժե մոտավորապես 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց փոխնակ մայրեր տրամադրող «Առողջ միտք» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մխիթարյանը: Նրա կարծիքով՝ փոխնակ մայր դառնալու քայլին դիմում են հիմնականում նյութական խնդիրներ ունեցող կանայք, որոնք այդ ճանապարհով մի շարք խնդիրներ են լուծում:
«Փոխհատուցումն ազատ պայմանագրի հիման վրա է արվում: Հղիության ընթացքում կնոջը վճարվում է աշխատավարձ, որպեսզի նա առողջ սնվի, անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ, միկրոէլեմենտներ պարունակող սնունդ ընդունի, չփնտրի վճարովի աշխատանք»,- ասաց «Առողջ միտք» ՍՊԸ տնօրենը:
Օրենսդրական դաշտում փոփոխություններ են կատարվել, և ներկայում օրենքը Հայաստանի քաղաքացի փոխնակ մոր ծառայությունից օգտվելու հնարավորությունը սահմանափակում է բոլոր արտասահմանցիների համար: Նախկինում այդ սահմանափակումը չի եղել:
Այն ժամանակահատվածը, երբ ձևավորվում է պտղի նյարդային համակարգը, պտուղը սկսում է սինթեզել մոր, տվյալ դեպքում՝ կրող մոր հոգեբանական վիճակը, ուստի այդ նպատակով նախապես նախապատրաստական աշխատանքներ են կատարում, որովհետև մոր տարած յուրաքանչյուր սթրեսը, լացը, ուրախությունը երեխան վերարտադրելու է: Սա հոգեբանի կարծիքն է:
«Չեմ կարծում, որ այն հղի կանայք, որ օրը 3 ժամ դասական երաժշտություն են լսում կամ Բայրոն ու Գյոթե են կարդում՝ բոլոր նորածինները դառնում են Շոպեններ կամ արվեստի այլ ներկայացուցիչներ: Դրանք ընդամենը էմոցիաներ են: Իրականում փոխնակ մայրն ընդամենը կրում է այդ երեխային, այսինքն՝ ինչ նա ուտի, ինչ որակի սնունդ, երբ, ինչ քանակով՝ հասկանալի ճանապարհով փոխանցվում է պտղին, բայց նա չունի որևէ գենետիկական կապ, պտուղը ձևավորվում է այլ մարդկանց սեռաբջիջներով, այլ մարդկանց ժառանգական տեղեկատվություն է իր մեջ կրում, և որևէ այլ կապ, քան սնուցման միջոցով՝ չկա»,- համոզված է փոխնակ մայրեր տրամադրող ընկերության տնօրեն Դ. Մխիթարյանը:
Նարինե Պետրոսյանը նշեց, որ կան հատուկ թերապիաներ, որոնք ուղեկցում են մարդուն նման դժվար իրադրություններում և օգնում ավելի կայուն հոգեվիճակում հաղթահարել այդ խնդիրը: «Չկա խնդիր, որ լուծումը շատ հեշտ լինի, բայց եթե լինեն պրոֆեսիոնալ մասնագետներ, ճիշտ մոտեցում ցուցաբերեն, հաշվի առնեն անձի խառնվածքի տիպը, որ շատ կարևոր է, ապա հաստատ կկարողանան հաջողության հասնել: Ի վերջո, չնայենք միայն բիզնեսի տեսանկյունից: Փոխնակ մայրերը շատ զույգերի կյանքի գերագույն նպատակը կատարում են, այդ միջոցով ընտանիքներ են փրկվում ու կայունանում»,- ասաց հոգեբան Ն. Պետրոսյանը:
Հայաստանում փոխնակ մայրեր են համարվում դոնորական սաղմն իրենց արգանդում կրող կանայք, որոնցից ծնված երեխաները չունեն իրենց գենոտիպը (Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մաս):