Եվրամիությունն ուշադիր հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իրանի համագործակցության շուրջ իրադրության զարգացմանը և կոչ է անում Թեհրանին ավելի սերտորեն փոխգործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և նրան տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ մեկնաբանելով Իրանում ուրանի աճող պաշարների և գործակալության հետ նրա համագործակցել չցանկանալու վերաբերյալ տեղեկատվությունը՝ գրում է RIA Novosti-ն:

«Մենք դա ի գիտություն ենք ընդունել: Մենք անհանգստացած ենք բազմակողմ համաձայնագրի կատարումից հեռանալու միտումից: ՄԱԳԱՏԷ-ն հանգուցային գործընկեր է: Մենք կոչ ենք անում Իրանին սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, պարզաբանումներ տրամադրել այն օբյեկտներ մուտքի պայմանների վերաբերյալ, որոնք այդ կազմակերպությունը մտադիր է այցելել ու վերահսկել»,-ասել է Ստանոն Բրյուսելում կայացած բրիֆինգում:

Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպության հետ համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող է հանգեցնել հերթական ճգնաժամի: «Մենք խնդրեցինք որոշ տվյալներ և (որոշակի տեղեկություններ) ստանալու հնարավորություն, սակայն չստացանք պահանջվող տեղեկատվությունը»,- ասել է Գրոսին Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները ՄԱԳԱՏԷ-ին զրկում են իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Նա հույս է հայտնել, որ Իրանը «կանսա միջազգային հանրակցության ձայնին» և կկատարի իր պարտավորությունները: «Մենք ճգնաժամի կհասնենք (եթե Իրանը հրաժարվի համագործակցել մեզ հետ)»,- հավելել է գործակալության ղեկավարը:

Մարտի 3-ին AFP գործակալությունը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցի մասին, որում նշվում է, որ Իրանում հարստացված ուրանի ծավալն ավելի քան հնգապատիկ գերազանցում է այն սահմանաքանակը, որը որոշված է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Փետրվարի 19-ին երկրում հարստացված ուրանի պաշարները հասել են 1510 կիլոգրամի, մինչդեռ գործարքով որոշված սահմանափակումը կազմում Է 300 կիլոգրամ:

Մինչդեռ Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են ճնշում գործադրել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության վրա, բայց Իսլամական Հանրապետությունը մտադիր է կանխել իրադարձությունների վտանգավոր զարգացումը:

Աբադին հավելել է, որ Իրանը պարտավոր չէ կատարել գործակալության այն պահանջները, որոնք պայմանավորված են այլ երկրների, այդ թվում՝ Իսրայելի, լրտեսական տվյալներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել