1․ Պատմության մեջ առաջին փաստաթղթավորված պանդեմիան «Հուստինիանոսի ժանտախտն» էր, որը տևել է ավելի քան 2 դար (541-750)։ Ժանտախտի զոհերի թիվը հայտնի չէ, հնչում են 25-ից 90 միլիոն մարդ գնահատականներ։ Պատմագիտությանը հայտնի է, որ պանդեմիան սկսել է Եգիպտոսից, որտեղից ներթափանցել է Կոստանդնուպոլիս, ապա Եվրոպա։ Սակայն ժամանակակից գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ հարուցիչի հայրենիքը Կենտրոնական Ասիան ու մասնավորապես Չինաստանն են։
2․ «Հուստինիանոսի ժանտախտի» պատմությունը կրկնվում է ուղիղ 600 տարի հետո, երբ նույն հարուցիչը նոր պանդեմիայի պատճառ է դառնում։ Այս պանդեմիան պատմության մեջ մնացել է «Սև մահ» անունով։ Ընդունված է համարել, որ այն տևել է 1346-1353թթ․, սակայն իրականում հիվանդության առանձին խոշոր բռնկումները շարունակվել են մինչև 18-րդ դարի վերջը։ Հիվանդության վերջին խոշոր օջախը եղել է Մոսկվան 1771թ․-ին, իսկ ավելի փոքր բռնկումները շարունակվել են անգամ մինչև 19-րդ դարի սկզիբը։ Այսինքն՝ մեծ հաշվով այս պանդեմիան տևել է 4-4.5 դար։ Սրա զոհերի թիվը հաշվելն էլ ավելի բարդ է ժամանակային մեծ ընդգրկման պատճառով, սակայն 1346-1353թթ․ պիկի համար ընդունված գնահատականն է ավելի քան 60 միլիոն մարդ։ Ե՛վ պատմագիտությունը, և՛ գենետիկական հետազոտությունները թույլ են տալիս եզրակացնել, որ այս ժանտախտը ևս սկսվել է Չինաստանում, ավելի կոնկրետ՝ Գոբի անապատում։
3․ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում պանդեմիաների գլխավոր մատակարարի դերը Չինաստանից իր վրա է վերցնում Հնդկաստանը՝ դառնալով խոլերայի վեց հաջորդական համաճարակների օջախ՝ 1817-1824, 1826-1837(1851), 1846-1860, 1863-1875, 1881-1896, 1899-1923։ Ընդհանուր զոհերի քանակը գնահատվում է 38 միլիոն մարդ։
4․ 19-րդ դարում ժանտախտը նույնպես չթողեց, որ իրեն մոռանան։ Հնդկական խոլերային զուգահեռ 1855թ․-ին Չինաստանից բռնկվում է ժանտախտի նոր պանդեմիա, որին զոհ է գնում 10 միլիոնից ավելի մարդ։ Այս ժանտախտը հիմնականում հաղթահարվում է 20-րդ դարի երկրորդ կեսին, սակայն առանձին դեպքեր նույնիսկ այսօր են ի հայտ գալիս։ Ընդ որում՝ վարակի օջախներ այսօր կան նաև ԱՄՆ-ում։
5. 20-րդ դարից պանդեմիաների գլխավոր դերակատար դառնում է գրիպը։ 1918-1919-ին իսպանական գրիպը սպանում է 50-100 միլիոն մարդու։ Այս գրիպը թեև իսպանական է կոչվում, սակայն Իսպանիայում չի ծագել։ Իսպանիայում առաջին խոշոր բռնկումն է եղել։ Վիրուսի «ծննդավայրը» ստույգ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ չինական ծագմամբ վիրուսը մուտացվել է ԱՄՆ-ում ու այնտեղից տարածվել աշխարհով մեկ։
6. Գրիպի հաջորդ պանդեմիան սկսվում է 1957թ․-ին, որը ստանում է «Ասիական գրիպ» անունը։ «Ծննդավայրը» Չինաստանն էր։ Այս համաճարակին զոհ է գնում 1-4 միլիոն մարդ։
7. 1968-1969թթ․ «Հոնգկոնգյան գրիպից» սկսած պանդեմիաների զոհերը դադարում են հաշվվել միլիոններով կամ հարյուրավոր հազարներով։ Սրան աշխարհով մեկ զոհ են գնում մի քանի տասնյակ հազար մարդ, իսկ գրիպի հետագա համաճարակներին՝ «Խոզի գրիպ» 1976-ին ու 2009-ին, զոհերի քանակն արդեն իջնում է մինչև մի քանի հազար մարդ։ Առհասարակ, գրիպի բոլոր տեսակներից գումարային տարեկան մահանում է մինչև կես միլիոն մարդ։
Թվարկվածներից բացի՝ պատմության մեջ արձանագրվել են նաև այլ պանդեմիաներ, որոնց համար, սակայն, ժամանակային սահմաններ դժվար է նշել։ Օրինակ՝ 20-րդ դարում ծաղիկից 300-500 միլիոն մարդ է մահացել։ Ի դեպ, ծաղիկն այն հիվանդությունն է, որի շնորհիվ մարդկությունը հայտնագործեց պատվաստումը․ 18-րդ դարի երկրորդ կեսին բժիշկները նկատեցին, որ եթե մարդուն արհեստական վարակեն կովի ծաղիկով, ապա նա թեթև կտանի այդ հիվանդությունը, իսկ բնական ծաղիկով չի վարակվի։ Հետաքրքիր է, որ բնական ծաղիկից նման ձևով պաշտպանվելու փորձեր անում էին Հնդկաստանում և Չինաստանում դեռ 7-րդ դարում։ Հիվանդ մարդու հասած թարախաբշտից թարախ էին ներարկում առողջ մարդուն։ Վերջինս, բնականաբար, հիվանդանում էր, բայց հիվանդությունը տանում էր անհամեմատ ավելի թեթև, քան եթե վարակվեր «բնական ճանապարհով»։
Կարծես թե սուր վարակիչ հիվանդությունների այլ պանդեմիաներ չկան։ Ոչ սուր վարակիչներից ՄԻԱՎ վիրուսն է, բորոտությունը։
Հիմա գանք դավադրապաշտությանը։ Ոնց տեսաք, սուր վարակիչ հիվանդությունների պանդեմիաների «հիմնական մատակարարները» պատմականորեն Չինաստանն ու Հնդկաստանն են եղել։ Առաջինը՝ ժանտախտով ու գրիպով, երկրորդը՝ խոլերայով։ Ծաղիկի «ծննդավայրը» Մերձավոր Արևելքն է, թեպետ կա նաև Չինաստանից ծագման վարկած։ Այսինքն՝ Չինաստանն ու Հնդկաստանն, իրենց բնակլիմայական, ժողովրդագրական, սոցիալ-մշակույթային ու աշխարհագրական առանձնահատկություններով վերցրած, տենց տեղեր են, որտեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ հոռի վարակ է տարածվում։
Ու եթե մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի դեպքում «սաղ սարքած ա», պիտի նաև նույնքան հավանական համարենք, որ «սաղ սարքած էր» նաև ժանտախտների, խոլերաների ու մնացած գրիպների պարագայում։