Hraparak.am-ը գրում է․

Փետրվարի 29-ին, ժամը 15-30-ի սահմաններում Երևանի թիվ 174 դպրոցի(Շերամի փողոց) տարածքում երեխայի վրա շների կողմից հարձակման հերթական դեպքն է գրանցվել։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց շների կողմից հարձակման ենթարկված  5-րդ դասարանի աշակերտուհու՝ Աննա Արզումանյանի մայրը։

«Երեխան նույնիսկ չի էլ նկատել, որ տարածքում շուն կա, սա ասում եմ, որպեսզի ոմանք՝ կենդանասեր, կենդանապաշտներ, չկարծեն, որ աղջիկս հրահրել է նրանց կամ մոտը սնունդ է եղել: Շները ուղղակի հանկարծակի հարձակվել նրա վրա, սկզբից 2 տեղից կծել են թևը, հետո գցելով  գետնին՝ նորից 2 տեղից կծել են ոտքը։ Լավ է, որ  ձմեռ էր և երեխաս հաստ ձմեռային հագուստներով և երկարաճիտք կոշիկներով է եղել, այլապես չգիտեմ, թե ինչ կմնար աղջկանիցս»,- ասաց երեխայի մայրը։

Ծնողը պատմեց, որ երեխայի բղավոցների ժամանակ օգնության են հասել մոտակայքում գտնվող երեխաները և բնակիչները։

«Աղջկաս մենք անհապաղ տարել ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ առաջին օգնությունն են ցուցաբերել, մշակել են վերքերը և կատաղության դեմ սրսկում են արել:  Հիմա աղջիկս գտնվում է բժշկական հսկողության տակ և տեղամասային թիվ 19 պոլիլինիկայում պարբերաբար ստանում է կատաղության և փայտացման դեմ պատվաստումներ։ Մեր թաղամասում  վերջերս շների մեծաթիվ հարձակումներ են եղել, որոնց Դուք էլ անդրադարձել եք, սակայն, ինչպես տեսնում ենք, գրեթե ոչինչ չի փոխվել»,- նշեց երեխայի մայրը։

Նրա խոսքով՝ ինքն ու մի քանի այլ ծնողներ դիմել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ, սակայն, ըստ երեխայի մոր, սա հարցի լուծում չէ,  քանի որ ստերջացնելուց և 10 օր պահելուց հետո շներին  նորից ազատ են արձակում։

«Ինքս սիրում եմ կենդանիներին և դեմ են նրանց սպանելուն, քանի որ ցանկացած էակ այս աշխարհում ապրելու իրավունք ունի, բայց ֆիզիկապես և հոգեպես ապրելու իրավունք ունեն և՛ իմ, և՛ մյուս հարձակման ենթարկված անմեղ երեխաները։ Նրանց վերքերը որոշ ժամանակ անց կլավանան, գուցե ոմանց մոտ սպիներ էլ չմնան, բայց նրանց վախն ու սարսափը շներից, վստահ եմ՝ երբեք չի անցնի։Պատկան մարմինները ե՞րբ են  մշակելու օրինագիծ, ե՞րբ են ստեղծելու նրանց համար հատուկ պահպանման կենտրոններ։  Այդժամ գուցե բոլորս էլ ապրենք խաղաղ և հանգիստ»,- հավելեց մայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել