Բոլորի հետ էլ նույն բանն է լինում, Յանուսի արձանը ավելորդ շքեղություն է(պարզաբանումն իմ կողմից` Յանուսը հին հռոմեական դիցաբանության մեջ երկդեմ աստվածն էր`դռների, մուտքերի և ելքերի, սկզբի ու վերջի, նրա անունով է հունվար ամիսը կոչվում): Իրականում 40-ից հետո մեր իրական դեմքը դնչի տակ է և հայացքը հուսահատ սևեռված է անցյալին: Այն, ինչպես ասում են, հանրային վայր է: Ոչինչ չես կարող անել, մնում է իրերն իրենց անունով կոչել, թեպետ դրանից ժամանակակից երիտասարդությունը ձանձրույթից քնում է: Տրիկոտաժե վերնաշապիկներով ջահել տղերքի ու ջահել աղջիկների մեջ, որ չմաքրված մարմնի հոտով զույգերով Սեն-Ժերմեն- դը- Պրեյում cafè crème են ուտում, այդ ջահել սերնդի մեջ, որ կարդում է Դարրեպին, Բովուարին, Դյուրին, Դուասսոյին, Կենոյին, Սարրոտին, նրանց մեջ ես եմ` ֆրանսիացած արգենտինացիս(սատանան տանի), նրանց նորաձևությանը, նրանց cool-ին չհետևող, և ձեռքիս վաղուց հնաած Ռենե Կրեվելյի «Etes-vous fous?»-ն է, հիշողությանս մեջ դեռ սյուրռեալիզմ է, ճակատիս` Անտոնենա Արտոյի նշանը ( ֆրանսիացի գրող, պոետ, դրամատուրգ, դերասան), ականջներումս դեռ չեն լռել Էդգար Վարեզի«Ionisations»-ը, իսկ աչքերումս դեռ Պիկասսո է (բայց ես ինքս, կարծես թե, Մոնդրիանն եմ, ինչպես ասել են ինձ (հոլանդացի նկարիչ, ով հիմք է դրել աբստրակտ գեղանկարչությանը) …)
Եվ ամեն հաջորդ րոպեին ես ավելի քիչ եմ զգում, իսկ հիշում եմ ավելի շատ: Բայց ի՞նչ է այս հիշողությունը. նման է զգացմունքերի լեզվի, մարդկային դեմքերի բառարանի , և օրերի, և բույրերի, որոնք վերադառնում են մեր մոտ բայերի ու ածականների տեսքով, խոսքի մասերով, և կամաց-կամաց, մաքուր իրականությանը մոտենալու չափումով, դանդաղորեն առարկայանում ենմեր մեջ, և երբեմն այդ բառերը երբեմնի զգացմունքների փոխարեն, մեր գլխին տխրություն են թափում ու դաս տալիս մեզ, քանի դեռ մեր իսկ գոյությունը չի դարձել այդ երբեմնի-ի փոխարինում, իսկ դեմքը, լայնորեն չռված աչքերը անցյալին գամելով, մեր իրական դեմքը, կամաց-կամաց դեղնում է ու ջնջվում, ինչպես հին լուսանկարի վրայից են ջնջվում դեմքերը, և մենք, բոլորս` մեկ առ մեկ, հանկարծ թեքվում ենք դեպի Յանուսը:
«Two-nineteen done took my baby away…» Հավանաբար հենց սա է, որ կա կայնքը. գնացքները, որ տանում ու բերում են մարդկանց, այն ժամանակ, երբ դու թաց ոտքերով կանգնած ես անկյունում ու լսում ես մեխանիկական դաշնամուրը, և ծիծաղի թնդյունը, որ լսվում է դահլիճից, իսկ դու մուտքի մոտ կանգնած դողում ես, որովհետև միշտ չէ, որ մոտդ գումար կա ներս մտնելու համար. «Two-nineteen done took my baby away…»