Pastinfo.am-ը գրում է․

Հայաստանի ամենագրավիչ տուրիստական կենտրոնում՝ Ծաղկաձորում, իրավիճակն իրապես հակասական է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ծաղկաձորի մի շարք հյուրանոցների աշխատակիցներ հավաստեցին՝ զբոսաշրջիկները հեռանում են, վաղօրոք կատարված ամրագրումները չեղարկվում են, հյուրանոցները դատարկվում են։ Թեեւ գտնվեցին նաեւ մի քանի այլ հյուրանոցներ, որոնք պնդեցին հակառակը՝ որ ամեն ինչ նորմալ է, չեղարկումներ չկան։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր բացասական էր գնահատել կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրավասու մարմինների քայլերը, քննադատել կորոնավիրուսի կասկածով մեկոսւացված անձանց Ծաղկաձոր տեղափոխելու քայլը՝ նշելով, որ Ծաղկաձորը դատարկվում է։ «Ամբողջ տուրիստական ընկերությունները, մարդիկ տոմսերը վերցրել էին, հյուրանոցներն ամրագրել էին, նույն օրը, երբ իմացան ամբողջ Ծաղկաձորը դատարկվեց»,-ընդգծել էր Գագիկ Ծառուկյանը։

«Փաստինֆո»-ն փորձեց հարցախույզի միջոցով ճշտել իրավիճակը եւ հեռախոսակապ հաստատեց Ծաղկաձորում գործող ավելի քան 10 հյուրանոցի հետ։
Օրինակ «Էլեգանտ» հյուրանոցից տեղեկացրին, որ վերջին օրերին 5-6 չեղարկում է եղել։ «Նուռ» հյուրանոցից էլ հայտնեցին, որ սովորաբար մարտի 6- 8-ը հյուրանոցն ամբողջությամբ զբաղված է լինում, սակայն այս պահի դրությամբ ոչ մի ամրագրում չկա։

«Ռոսիա» հյուրանոցից վստահեցրին, որ դեռ օրվա առաջին կեսին արդեն 2 ամրագրում չեղարկվել է. «Չեղարկումները մեկնաբանեցին հիվանդությամբ և անգամ խոսելիս զգացվում էր, որ տվյալ հյուրը հիվանդ է»։

Մեկ այլ հյուրանոցից էլ հայտնեցին, որ 5-ից ավելի չեղարկումներ են արձանագրել՝ մեկուսացված անձանց Ծաղկաձոր տեղափոխելուց հետո։

Ինչպես արդեն նշել ենք՝ ոչ բոլոր հյուրանոցներում է նման իրավիճակ։ Ծաղկաձորում գործող «Մարիոթ», «Ալիք» հյուրանոցները, «Գրողների տուն»-ը տունը փաստեցին, որ իրավիճակը կայուն է, իսկ «Ալվա» հյուրանոցից էլ հայտնեցին, որ ընդհակառակը՝ ամրագրումները շատացել են և սպասվող հյուրեր կան։

«Եդեմ» հյուրանոցի աշխատակիցն էլ ասաց. «Մեր հանգստացողներին բացատրում ենք, որ այդ մարդկանց բերել են ապահովության համար, հիվանդ չեն։ Ոչ ոք չի բողոքել, ոչ ոք չի չեղարկել»։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի:

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեցին, որ 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ շփված քաղաքացիներ են:

«Կարանտինի շրջանում գտնվող մարդկանց Ծաղկաձորում տեղավորելը մեծ հիմարություն էր, որովհետեւ, նախ, Ծաղկաձորը համարվում է տուրիստական քաղաք, երկրորդ, հիմա՝ տուրիստական սեզոնի պիկն է, լեռնադահուկասպորտով զբաղվող բազմաթիվ մարդիկ են այնտեղ գնում ՝ նաեւ արտասահմանից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք էր հայտնել բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը ու արձանագրել, որ նոր վիրուսի հետ կապված ամբողջ աշխարհում է խուճապային իրավիճակ, որը նաեւ Հայաստան է հասել, իսկ ՀՀ իշխանությունը նման պայմաններում, տուրիստական կենտրոնում է մեկուսացնում մարդկանց:

«Մենք դրանով կտրում ենք ոչ միայն այսօրվա տուրիստների հոսքը, որովհետեւ շատերը արդեն իսկ լքում են Ծաղկաձորը , այլեւ նպաստում, որ նրանք , ովքեր պլանավորում են հանգստանալ Ծաղկաձորում , չգան: Հիմա մենք ասում ենք ՝ ոչ միայն վիրուսի դեմը չենք առել, այլեւ նպաստում ենք տարածմանը, մենք պոտենցիալ հնարավոր հիվանդ մարդկանց տանում ենք ու տեղավորում տուրիստական քաղաքի կենտրոնում ՝ ինչ-որ հյուրանոցում, որն ընդհանրապես, հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար: Օրինակ, հիվանդանոցներում գետնին գորգ չի լինում, հյուրանոցը հարմարեցված չէ մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ես կադրեր տեսա, թե ինչպես են մարդկանց ուտելիքը բաժանում, երբ մարդը դուռը բացում է՝ առանց դիմակի: Դա շատ թեթեւամիտ մոտեցում է համաշխարհային մակարդակի լուրջ հարցին»,-նշել է է Արեն Ապիկյանը:

Դեպի Ծաղկաձոր ուղեւորությունները խրախուսելու համար մեկուսացվածներին Ծաղկաձոր տեղափոխելուց հետո, այնտեղ էին գնացել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի հետ միասին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել