Մամուլից տեղեկացա, որ վարչապետ Փաշինյանի միջնեկ դուստրը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունը եւ փոխհատուցել կրած բարոյական վնասները։

Իմ համոզմամբ հենց սա է իրավական ճիշտ ճանապարհը, որ կարող էր արվել։ Իսկ ՀՔԾ-ի արածը՝ քրեական հետապնդումը Նարեկ Սամսոնյանի դեմ, խայտառակ ապօրինություն է։

Սուտ մատնություն կատարելու առթիվ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրելը քրեական իրավունքի տեսանկյունից զավեշտալի է բազմաթիվ պատճառներով։ Դրանցից մեկի մասին ավելի վաղ խոսել էի։ Դա այն է, որ սուտ մատնություն կատարելու համար պարտադիր պայման է, որ հանցավոր արարք կատարողը հստակ գիտակցի, որ իր հայտնածը տեղի չի ունեցել, նա միանշանակ գիտակցել է, որ չի եղել այդպիսի բան, եւ գիտակցաբար կատարել է սուտ մատնություն։ Ընդ որում, թեկուզ եւ հայտնված դեպքն իրականում տեղի ունեցած չլինի, եւ Նարեկ Սամսոնյանն էլ հաստատապես համոզվի, որ դա տեղի չի ունեցել, միեւնույն է, անհնար է մեղադրանք առաջադրել Սամսոնյանին, քանի որ իր կողմից այդ մասին հրապարակելիս ինքը հավատացել է դրան։ Իրեն որեւէ մեկն այդ մասին պատմել է, հայտնել է, եւ ինքը վստահ է եղել, որ դա եղել է։ Հակառակն ապացուցելն անհնար է, որը հենց ՀՔԾ-ի պարտականությունն է։

Հիմա մեկ ուրիշ տեսանկյունից եմ ցանկանում քննարկել այդ անհեթեթ քրեական մեղադրանքը։

Նարեկ Սամսոնյանն իր հայտարարությամբ հայտնել է, որ․ «Վարչապետի թիկնազորը գնացել է նույն ռեստորան՝ դարձյալ իկռա գնելու, սակայն առաջարկել են փոխանցմամբ գումարը տալ: Ռեստորանից նրանց հայտնել են, թե այդ պարագայում կիլոգրամը 3 հազար դոլարի փոխարեն կարժենա 5 հազար դոլար: Վարչապետն էլ, տեղեկանալով այդ մասին, բարկացել է եւ հարկային տեսուչներ է ուղարկել տվյալ ռեստորան»։

ՀՔԾ-ն փորձում է մեղադրել Սամսոնյանին այն բանում, որ վարչապետին մեղադրել է հանցագործություն կատարելու մեջ։

Դիտարկենք, թե արդյո՞ք Նարեկ Սամսոնյանի վերոգրյալ հայտարարության մեջ կա վարչապետին հանցանք կատարելու մեջ մեղադրանք։ Սամսոնյանն ասում է, որ փոխանցումով վճարելու դեպքում գինը թանկանում է, քանի որ հարկեր են առաջանում։ Իսկ ի՞նչ կաներ ցանկացած վարչապետ, երբ իմանար, որ մինչ այդ, փաստորեն, վաճառվել է ապրանք, եւ հարկեր չեն վճարվել։ Իհարկե, կհանձնարարեր, որ հարկայինը պատասխանատվություն կիրառեր։ Իսկ այդ հանձնարարությունը մի՞թե անօրինական է, առավել եւս՝ հանցագործություն։ Իհարկե ոչ։ Այսինքն՝ Սամսոնյանը որեւէ դեպքում վարչապետին հակաիրավական, առավել եւս՝ հանցանք կատարելու մեջ չի մատնել։

ՀՔԾ-ն պարզապես եւս մեկ անգամ խայտառակվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել