Pastinfo.am-ը գրում է․

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպաններին տրվել է երեք օր ժամանակ ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ գործում առկա է 5 հատոր։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

Նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Նախաքննության փուլում երկու անգամ մերժվել է նրա նկատմամբ անձնական երաշխավորությունն ընտրելու միջնորդությունը, արգելանք դրվել գույքի, դրամական միջոցների վրա, ինչը խոչընդոտներ է ստեղծել հեռուստաընկերության գործունեության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել