Armdaily.am-ը գրում է․
Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային ու նաև Հայաստանի տնտեսության վրա, պայմանավորված է նրանով, թե որքան կձգվի վիրուսի սուր շրջանը, եթե երկար տևի, ապա թերևս Համաշխարհային տնտեսության վրա այն կարող է էական բացասական ազդեցության ունենալ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
Անդրադառնալով Իրանի հետ սահմանի փակման տնտեսական հնարավոր ազդեցությանը՝ նա ընդգծեց, որ միայն մարտ ամսվա ընթացքում Իրանից եկող զբոսաշրջիկները Հայաստանի տնտեսվարողների համար ապահովում են մոտ 9-10 մլն դոլարի հասույթ։
«Չեմ ասում, որ սահմանը փակելը սխալ էր, սակայն դա ամեն դեպքում որոշակի հետևանքներ ունենալու է, ու դրանից նախևառաջ, տուժելու են` հյուրանոցները, օրավարձով բնակարաններ վարձակալությամբ տվողները, հանրային սննդի օբյետները, տաքսի ծառայությունները, ժամանցի վայրերը, մանրածախ առևտուրը»,-ասաց տնտեսագետը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք կորոնավիրուսով պայմանավորված կարո՞ղ է պարենային խնդիր առաջանալ, քանի որ որոշ քաղաքացիներ սկսել են խանութներից մեծ քանակությամբ սննդամթերք գնալ ու ամբարել՝ Ֆանյանն ասաց, որ սա կարող է պայմանավորված լինել այս օրերին Վրաստանում առաջացած աժիոտաժով։ «Չեմ զարմանա, որ մեզ մոտ ևս նման աժիոտաժ սկսվի։ Ես չեմ տիրապետում տվյալների, թե արդյո՞ք նման խնդիրներ կարող են լինել, թե ոչ։ Ի վերջո, մենք միայն ուղևորափոխադրումներն ենք սահմանափակել, չի սահմանափակվել ոչ բուսական, ոչ կենդանական սննդամթերքի ներկրումը, հետևաբար, պարենային խնդրի առջև կանգնելու հեռանկարը, կարծեմ, չափազանցված է»,-ասաց Ֆանյանը։