Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում. փետրվարի 28-ին վարակման առաջին հաստատված դեպքերի մասին հայտնի է դարձել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում եւ Նոր Զելանդիայում: Երկրների թիվը, որտեղ գրանցել են նոր վիրուսը, գերազանցում է 50-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել «շտապ միջոցներ ձեռնարկել»: Նրա խոսքով՝ իրադրությունը մոտենում է պանդեմիայի: Իրադրությունը շարունակում է բացասաբար ազդել տնտեսության վրա: Սակարկություններն անկումով են ավարտվել հիմնական ասիական բորսաներում, հանգուցային ամերիկյան ինդեքսներն ընկել են մոտավորապես 4,5 տոկոսով:

Dow Jones-ը կորցրել է գրեթե 1200 կետ, ինչն ամենալուրջ անկումն է դարձել նրա ողջ պատմության ընթացքում, եթե հաշվենք կետերով: AP-ի եւ Bloomberg-ի գնահատումներով՝ այս շաբաթն ԱՄՆ-ի ֆոնդային շուկայի համար ամենաանհաջողն է արդեն դարձել 2008 թվականի հոկտեմբերից ի վեր:

Ընկնում են նաեւ նավթի համաշխարհային գները. Brent-ի մայիսյան ֆյուչերսները փետրվարի 28-ի առավոտյան էժանացել են գրեթե 3 տոկոսով, գինը մոտենում է բարելի դիմաց 50 դոլարի նշագծին: Վերջին անգամ այդ մակարդակից այն ցածր է եղել 2017 թվականի ամռանը: Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակման 327 նոր դեպք, մահացել է 44 մարդ: Այսպիսով, ըստ իշխանությունների տվյալների, կորոնավիրուսի բռնկումից ի վեր հիվանդացել է ավելի քան 78,8 հազար մարդ, նրանցից մոտավորապես 36,1 հազարն ապաքինվել են: Վիրուսի զոհերի թիվը հասել է գրեթե 2,8 հազարի:

Հարավային Կորեայում, որն վիրուսի խոշորագույն օջախն է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակվածների թիվը հասել է 2337-ի, մահացել է 13 մարդ: Ճապոնիայում (վարակման 900-ից ավելի դեպք, 8 մահացած) իշխանությունները պաշտոնապես խնդրել են ժամանակավորապես փակել երկրի բոլոր դպրոցները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ճապոնական գլխավոր բորսային ինդեքսը՝ Nikkei-ը, փետրվարի 28-ին իջել է 3,67 տոկոսով (օրվա ընթացքում անկումը հասել է 4,5 տոկոսի), TOPIX ինդեքսը նվազել է 3,65 տոկոսով: Այսպիսով, Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշներն ընկել են 2019 թվականի սեպտեմբերից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ: Բարդ իրավիճակ է պահպանվում Իտալիայում (650 վարակված, 17 զոհ): ԱՄՆ-ում կրկնակի աճել է վարակվածների թիվը. Կալիֆոռնիայում հայտնաբերել են առնվազն 33 նոր դեպք: Փոխնախագահ Մայքլ Փենսը, որին հանձնարարվել է համակարգել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, այդուամենայնիվ, հավաստիացրել է, որ համաճարակի սպառնալիքը երկրում քիչ հավանական է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել