Pastinfo.am-ը գրում է.

Երևանի բնակարանային շուկայում գները ամեն ամիս բարձրանում են։ Վերջին մեկ տարվա կտրվածքով, ըստ պաշտոնական տվյալների, գնաճը այս շուկայում հասնել է 16 տոկոսի։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում դա տարբեր կերպ է արտահայտվել։ 

Անցած մեկ տարվա ընթացքում Երևանի կենտրոնում բնակարանները թանկացել են միջին հաշվով 15,3 տոկոսով։ Եթե 2019թ. հունվարին 1 քառ. մետրի միջին գինը կազմում էր 572 հազար դրամ, ապա այս տարվա հունվարին հասել է 659,5 հազարի։ Այսինքն՝ գները բարձրացել են 87,5 հազար դրամով, ինչը համարժեք է գրեթե 180 դոլարի։

Արաբկիրում, որը կենտրոնից հետո Երևանի բնակարանային շուկայի հաջորդ ամենաթանկ հատվածն է, մեկ տարում գները բարձրացել են 66 հազար դրամով։ Այս տարվա սկզբին Արաբկիրում բնակարանների միջին գները յուրաքանչյուր մետրի հաշվով տատանվում են 456-457 հազար դրամի շրջակայքում։

Քանաքեռ-Զեյթունում գնաճը կազմել է 15,9 տոկոս։ Հունվարին գները եղել են 334-335 հազար դրամ, ինչը 46 հազար դրամով ավել է նախորդ տարվանից։
Նոր-Նորքում բնակարանները թանկացել են 45 հազար, Ավանում՝ 36 հազար, Էրեբունի վարչական տարածքում՝ 35 հազար դրամով։ Երևանի այս հատվածներում գները տատանվում են համապատասխանաբար՝ 293 հազար, 297 հազար և 292 հազար դրամի սահմաններում։

Շենգավիթի բնակարանային շուկայում 1 քառակուսի մետրի արժեքը բարձրացել է 46 հազար դրամով՝ հասնելով 302 հազարի։ Դավիթաշենում բնակարանները թանկացել են 44 հազար դրամով։ Միջին գինը մայրաքաղաքի այս հատվածում կազմում է 345 հազար դրամ։

Որքան էլ գուցե տարօրինակ լինի, բայց Երևանում ամենաբարձր գնաճը արձանագրվել է Աջափնյակում։ Այն անցնում է 19 տոկոսից։ Մեկ տարում այստեղ բնակարանները թանկացել են 51 հազարով։ Աջափնյակում միջին գները 317 հազար, Մալաթիա-Սեբաստիայում՝ 293 հազար դրամ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել