Երեկ ԱԺ-ում քննարկվում էր վարորդների բալային համակարգի հետ կապված հարցը, ու վերջապես սկսեցին խոսել պետության պարտականություններից, մասնավորապես՝ այն հարցից, որ պետությունը չի ապահովում փողոցների, մայրուղիների տեխնիկական հագեցվածությունը, ճանապարհային նշաններն ու գծանշումները: Նույնիսկ Երևան քաղաքում գծանշումների վիճակը խայտառակություն է, հոծ գիծ շատ տեղերում նույնիսկ չի երևում, ու դրանք թարմացվում են տարին մեկ անգամ շատ անորակ ներկով:
ՃՈ պետը պետք է որ իմանա, թե ինչքան վտանգավոր են մայրուղիները գիշերային, առավել ևս՝ անձրևային եղանակներին, չի երևում գիծ, չկա նշան, ու դու կարող ես ուղղակի ճանապարհից դուրս թռնել։ Առաջարկում եմ ոլորտի պատասխանատուներին գիշերով անցնել Երևան-Ապարան-Ալագյազ հատվածով կամ Թալին-Մաստարա։ Ձորի կողքով անցնող ճանապարհների վրա նույնիսկ արգելապատնեշ չկա, կամ կեսն է առկա: Տուգանելը հեշտ է, ակտ գրելը՝ ևս, բայց պայմաններ ապահովելու մասին խոսք չկա ու երբեք չի եղել, ձեր սիրած խոսքով ասեմ` հեղափոխություն ՀՀ ճանապարհներին չկա, ու արդեն երկրորդ տարին է։ Էլ չեմ ասում մեկ ամիս անց այլևս դժվար նշմարվող հետիոտնային անցումների մասին։ Գոնե դրանք որակով ներկեք, գոնե դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների հատվածներին ուշադիր եղեք։
Հենց հիմա ՃՈ պետը թող գնա Մասիվի հիվանդանոցի հատվածն ու զննի գծանշումները, թե չէ հո մենակ խոսելով չէ՞։ Միլիարդներով փող է հատկացվում այդ հարցերի լուծման համար։ Մի ժամանակ ասում էիք՝ կոռուպցիան թույլ չի տալիս որակով գործ անել, բա երկու տարի է, իբր կոռուպցիա չկած, բա հիմա ի՞նչ է եղել: Դուրս եկեք իրական կյանք, սկզբից ապահովեք պայմաններ, հետո պահանջեք: