Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դատի է տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ 

«Փաստինֆո»-ն դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ որպես պահանջ նշվել է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը։

Նշենք, որ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ստեղծումը կապել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ եթե Լևոն Զուրաբյանը չհերքի այդ հայտարարությունը, ապա անպայման դատարանում իրենց հետ գործ կունենա. «Նա կպարտվի այդ դատավարությունը, և դա բոլորի համար դաս կլինի»,-նշել էր Էդմոն Մարուքյանը։

Լեւոն Զուրաբյանը «Փաստինֆո»-ին հայտարարել էր, թե չն պատրաստվում հերքել իր խոսքերը։ «Ես ասում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում, իմ խոսքի տերն եմ եւ հետեւաբար իմ խոսքի մասին կողքից որեւէ պնդում ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ»,- «Փաստինֆո»-ին ասել էր Լ.Զուրաբյանը։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել